Ռուբեն Հայրապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել․ փաստաբանի խոսքով՝ քաղաքական հետապնդում է

ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ նոր մեղադրանք է ներկայացվել, և գործն ուղարկվել է դատարան։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նրա փաստաբան Ամրամ Մակինյանը։ Նրա խոսքով՝ ըստ էության նոր ոչինչ չկա, շարունակվում է Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ դեռ 5 տարի առաջ սկսված քաղաքական հետապնդումները։

Պաշտպանական թիմն արդեն հնարավորություն է ունեցել ծանոթանալ քրգործի նյութերին։

«Քրեական գործը հարուցվում է ոչ թե մարդու նկատմամբ, այլ փաստի առթիվ, սակայն այստեղ իրավիճակն այլ է։ Այս քրեական գործի շուրջ 30 հատորն ուսումնասիրությունն ինձ հիմք է տալիս միանշանակ գալ այն համոզման, ևս մեկ անգամ փաստաթղթավորված համոզվել, որ քրգործը հարուցվել է Ռուբեն Հայրապետյանի անձի նկատմամբ, այլ ոչ թե որևէ փաստի առթիվ»,- նշեց Մակինյանը։

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն դեռ 2020 թվականի մայիսին հետախուզում է հայտարարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայրապետյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել 152 մլն դրամի խարդախության և 16 մլն դրամի փողերի լվացման մեղադրանքով։

Ըստ Մակինյանի՝ մինչև այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միլիոններ է պարտք Ռուբեն Հայրապետյանին պատկանող Զեյթունի կահույքի ֆաբրիկային։ Ֆեդերացիան, չցանկանալով վճարել պարտքերը, փորձում է օգտագործել պետության ռեսուրսները՝ իբրև նոր մեղադրանք է ներկայացնում։ Փաստաբանը նաև թվարկեց տարբեր տարիներին իրականացված 22 չարտերային չվերթներ, որոնք, ըստ նրա, Ռուբեն Հայրապետյանն իր անձնական միջոցներից է վճարել, որ ֆուտբոլի ազգային հավաքականն արտագնա խաղերի մասնակցի։

«Հափշտակությունը շահադիտական մղումներով կատարվող արարք է։ Շահադիտական մղումներ ունեցող մարդը 2,5 միլիոն դոլար մենակ իր անձնական միջոցներից ծախսու՞մ է հավաքականի թռիչքները կազմակերպելու համար»,- հարց է ուղղում փաստաբանը։

Նշում է՝ միջնորդություն է նաև ներկայացրել քննիչին՝ պարզելու՝ արդյոք այդ թռիչքների համար ֆեդերացիան թեկուզ մեկ լումա ծախսել է, թե ոչ։

Հավելում է, որ Հայրապետյանն ավելի քան 228 միլիոն դրամ, 137 հազար ԱՄՆ դոլար, 7 հազար եվրո նվիրաբերել է ՀՖՖ դրամարկղ։

Sputnik Արմենիա