ԱՊԱԳԱ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՉԿԵՂԾԵԼ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆՑՅԱԼԸ
Երեկվանից սկիզբ առած թեման՝ ՄԵԿ հոգու և նախկին նախագահների ներկայացուցիչների միջև, չի կարող համարվել միայն նրանց չորսի գործը։
Չպետք է թույլ տալ, որ այն սահմանափակվի պարզ հերքումներով ու պատասխաններով։ Պետք է առիթը բռնելով՝ զարգացնել թեման, նրան թողնել իր հնարքի տակ։
Սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է խլել նրանից այդ թեման։ Սա կարևոր է հանրային տրամադրությունների առողջացման, այսօրվա մեր հասարակության դեֆեկտիվ սոցիոլոգիան վերափոխելու համար։
Մենք երկար ժամանակ է՝ խուսափում ենք մեր նորագույն պատմության քննարկումից։ Հենց սա է թույլ տալիս Նիկոլին՝ խեղաթյուրել, կեղծել մեր բոլորի աչքի առաջ տեղի ունեցած, մեր աչքերով տեսած պատմությունը։
Անհատական մակարդակում իրականությունը հետևյալն է.
- Բոլոր նախկին նախագահներին այսօրվա իշխանությունների հետ համեմատելն ուղղակի վիրավորական է բանականության հանդեպ։
- Նախկին նախագահները՝ Լ. Տեր-Պետրոսյանը, Ռ. Քոչարյանը, Ս. Սարգսյանը, միմյանցից շատ տարբեր մարդիկ են՝ կառավարման ոճով, պատկերացումներով, մտածողությամբ, աշխարհայացքով։ Ընդհանրական ձևակերպումներ տալը շատ բարդ է։
Բայց բոլոր նախկին նախագահների օրոք.
1. Կարվեր ամեն ինչ՝ այս պատերազմից խուսափելու համար, և ոչ թե՝ հակառակը։
2. Պատերազմի դեպքում բացառված էր, որ այն լիներ այս որակի, այս մասշտաբի ու տևողության։ Այդ մարդիկ գիտեն պատերազմ կանգնեցնելու քաղաքական և ռազմական եղանակները։ Նրանք գիտեն զինվորի կյանքի գինը։
Պետք է բաց խոսել. երբ «մեծարգոները» մատնացույց են անում Ռ. Քոչարյանի կառավարման փուլից որևէ դեպք ու փորձում լայք հավաքել, պետք է հստակ ասել, որ այո, դա եղել է որպես ողբերգական դեպք, որը չպետք է լիներ, բայց դա քաղաքական կամ այլ տիպի որոշման հետևանք չէր։
Դրանց հակակշիռն անծայրածիր դարձած Եռաբլուրն է, որը հենց քաղաքական և պետական որոշման հետևանք էր։ Պատերազմը շուտ չկանգնեցնելը գիտակցված քաղաքական, պատմական որոշում էր։
Ապրիլյան պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը գնաց անձնական իմիջի և վարկանիշի գիտակցված կորստի, որպեսզի կանխի հետագա զոհերը։ Այդ օրերին քաղաքական շրջանակները, փափուկ սենյակներում նստածները, երևանյան քաղքենին պահանջում էին, որ Լելե Թեփեն հետ վերցվի։ Ս. Սարգսյանը գնաց գիտակցական ռազմաքաղաքական որոշման՝ չանել դա և չտալ նոր զոհեր։ Դրանից հետո Նիկոլն ու իր անհասկանալի թիմը շտանգենցիրկուլը ձեռքին ամիսներով գոռում էին, թե քանի հեկտար տվեց Սերժը։ Հասարակությանը դա նաև դուր էր գալիս։
Պետք է պարզ խոսել. երբ գալիս է մի իշխանություն, որը չգիտի՝ պատերազմը ինչ է, բանակը ինչ է, չգիտի պատերազմից խուսափելու ու պատերազմ կանգնեցնելու ձևերը, ստանում ենք այս վիճակը։ Ստանում ենք ամբողջական հայրենիքի կորուստ ու հազարավոր զոհեր։ Եվ այդ ամբողջ ողբերգությունից հետո այդ նույն իշխանությունը մասշտաբային քեֆեր ու տիկտոկյան վիդեոներ է անում։
Նախկինների թեմայի՝ արհեստականորեն սարքած ծուղակից պետք է դուրս գալ։ Դա հնարավոր է՝ նաև չխուսափելով խոսել նրանց օրոք եղած խոշոր սխալներից, բացթողումներից։ Չի կարելի թույլ տալ, որ այսօրվա իշխանությունը կեղծի, խեղաթյուրի մեր նորագույն անցյալը՝ դրանով վերջնականապես խլելով մեր ապագան։ Մեզ ապագա է պետք։
ՀՀ երեք նախկին նախագահները միմյանցից լրիվ տարբեր մարդիկ են, տարբեր գործիչներ, տարբեր արժեհամակարգերով։ Բայց ունեն մեկ հստակ պատմական ընդհանրություն. երեք նախագահների օրոք Հայաստանը չի եղել պարտված, ջարդված, ստորացված, կազմաքանդված վիճակում։ Եվ այսօրվա պատմական կապիկության փուլը պետք է հաղթահարել՝ հենց ուղիղ ու բարձր խոսելով այդ մասին։ Խոսել ոչ թե այս իշխանությունների, այլ՝ իրար հետ։ Խոսել, ոչ թե վիճել։ Իհարկե նրանց հետ բանավեճ չպետք է լինի, ընդ որում՝ բոլոր մակարդակներով։ Չի կարելի լեգիտիմացնել սուտը։ Նրանց պետք է օտարել՝ որպես վատ և ժամանակավոր տրանսպլանտատ։ Իսկ մեր խոսակցությունը մեր ներսում ու մեզ համար է։ Մեզ ապագա է պետք։
Վահե Հովհաննիսյան, Այլըտրանքային նախագծեր խումբ