Կաց․ Իսրայելը Եմենում կսկսի հարվածներ հասցնել հութիների առաջնորդներին
Իսրայելը կսկսի հարվածներ հասցնել Եմենի հութի ապստամբների խմբավորման առաջնորդներին, ըստ Times of Israel-ի՝ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ խոստանալով, որ Իսրայելը «թույլ չի տա շարունակական անվերահսկելի ռմբակոծում» երկրի վրա հրթիռներով և անօդաչու սարքերով:
Հութիների առաջնորդների վրա հարձակման մասին հայտարարությունն, ըստ երևույթին, նշանավորում է Իսրայելի էսկալացիան, որը մինչ այժմ մի քանի հարվածներ է հասցրել նավահանգստային ենթակառուցվածքներին և ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան Եմենից անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների կրկնակի արձակման:
Երեքշաբթի վաղ առավոտյան արձակված հրթիռը խոցվել է, սակայն Թել Ավիվի տարածքում հնչող ազդանշանները համատարած խուճապ են առաջացրել, և մի կին ծանր վիրավորվել է, երբ նա փորձում էր ռմբապաստարան վազել: «Ինչպես մենք գործեցինք Սինվարի հետ Գազայում, Հանիյեի հետ Թեհրանում և Նասրալլահի հետ Բեյրութում, մենք գործ կունենանք Հութիների առաջնորդների հետ Սանայում կամ Եմենի ցանկացած այլ վայրում: Մենք կգործենք ինչպես նրանց ենթակառուցվածքների, այնպես էլ իրենց դեմ՝ սպառնալիքը վերացնելու համար»,-հայտարարել է Կացը:
Նա միաժամանակ սպառնացել է «հութիների իրանցի հովանավորներին»՝ հայտարարելով, որ «ով որ հովանավորում է հութիների ահաբեկչությունը Հոդեյդայում կամ Սանայում, լիովին կհատուցի դրա համար»։
News.am