ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԹԵՐԱՀԱՎԱՏ ԱԼԻԵՎԸ

Իհարկե, Նիկոլ Փաշինյան-2024-ը բնավ 2018-ի նմուշի Նիկոլ Փաշինյանը չէ։ Սա այն ինքնագոհ պիժոնը չէ, որը կիսվում էր կառավարական առանձնատան մոտ գինու շիշը կողքին խոտին փռված լուսանկարներով։

Այնպես չէ, թե ինքնագոհությունն ընդհանրապես վերացել է, բայց բավական նվազել է, չնայած փրկչային բարդույթը դեռ զգացնել է տալիս իրեն: Քանզի միայն այդպիսի բարդույթով հիմնավորապես ախտահարված մարդը կարող է խրատել համաքաղաքացիներին, որ սափրվելու ընթացքում խնայեն ջուրը, դատարկ սենյակում լույսը վառ չթողնեն, և կիսվել «առանց քանդելու չես կառուցի» կարգի հայտնություններով։ Բայց իր կառավարման 6 տարիների ընթացքում Նիկոլը, խոստովանենք, շատ բան է սովորել։ Օրինակ, համբերատար ինչ-որ բան բացատրել՝ առանց հիստերիայի մեջ ընկնելու։ Ահա արդեն որերորդ անգամ լսում ենք նրա հիմնավորումը, թե Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ ոչ մի տարածքային նկրտում չկա, և քանի որ ինքը՝ Փաշինյանը, Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ուրեմն վե՛րջ, խնդիրը լուծված է առհավետ։

Դժվար է հաշվել, թե արդեն քանի անգամ է Փաշինյանը հանդես եկել նման հայտարարություններով. այդպես համբերատար ամեն ինչ պարզաբանում ու բացատրում է Ալիևին՝ ի պատասխան վերջինիս հերթական ագրեսիվ հայտարարություն-վերջնագրերի:

Մատների վրա բացատրում է Փաշինյանը Ալիևին, որ Հայաստանի Անկախության հռչակագրի այն դրույթը, որում խոսվում է Արցախի մասին, սահմանադրական որևէ ուժ չունի, քանի որ մեր քաջարի Սահմանադրական դատարանի որոշման համաձայն, որը ձևել են Նիկոլի ցանկությամբ, Հայաստանի Սահմանադրության մեջ ուժ ունեն Հռչակագրի միայն այն դրույթները, որոնք այնուհետ արտացոլված են բուն Սահմանադրության մեջ։ Եվ քանի որ բուն Սահմանադրության մեջ Արցախի մասին ոչ մի հիշատակում չկա, ապա Անկախության հռչակագրի համապատասխան դրույթը որևէ իրավական բեռ չի կրում։ Իբր՝ ասենք թե ինչ-որ տեղ ինչ-որ բան են գրել այդ անիծյալ նախկին կոռումպացված իշխանությունները, հետո՞ ինչ։

Այդպես համբերատար բացատրում է ամեն ինչ Ալիևին, մեթոդաբար, հանգամանորեն, իսկ Ալիևը, միևնույնն է, չի հավատում Նիկոլին։ Եվ խնդիրն այստեղ այն չէ, թե Նիկոլը վատ է բացատրում։ Նիկոլը շատ լավ է բացատրում, բայց խնդիրն այն է, որ Ալիևը հասկանում է. ի տարբերություն այդքան համբերատար դարձած Փաշինյանի, որը մտահոգված է միայն իր իշխանությունը երկարաձգելով, իր արածի համար պատասխանատվությունից խուսափելով, հայ ժողովուրդը ոչինչ չի մոռացել և ոչինչ չի ների Ալիևին։ Այդպես է համարում Իլհամ Ալիևը, և նա իրավացի է։

Ահա և ստացվում է, որ Իլհամ Ալիևը հայ ժողովրդի մասին ավելի լավ կարծիքի է, քան Նիկոլ Փաշինյանը, որը համարում է, թե փառատոններով, համերգներով, զանգվածային թամաշաներով ու դրամական ողորմությամբ կարելի է գնել ժողովրդի թե՛ հիշողությունը, թե՛ արժանապատվությունը։ Ալիևը մտավախություն ունի, որ Հայաստանում ոչ բոլորն են այնպիսի մանկուրտներ, ինչպիսին Նիկոլն է, և ուշքի գալով Փաշինյանի օրոք կրած պարտությունների շարանի շոկից՝ վաղ թե ուշ հաշիվ են ներկայացնելու Ալիևին։

Հայաստանի Սահմանադրությունը փոխելու իր պահանջով Ալիևը փաստացի ասում է Նիկոլ Փաշինյանին. ապացուցի՛ր, որ հայ ժողովրդի մեծամասնությունը քեզ պես մանկուրտներ են։ Իսկ Փաշինյանն ուրախ կլիներ ապացուցել, բայց որպես փորձառու քաղաքական մարտավար՝ հասկանում է. չի ձգի ինքը սահմանադրական հանրաքվե։

Չի ձգի, քանզի Հայաստանում դեռ բնավ ամենն ու ամենքը չեն, որ գնվել են. դեռ չի ավարտել ինքը ժողովրդի գիտակցության վերաձևաչափման գործողությունը։