ՏԱՐՎԱ ԹԵՄԱՆ
Տարվա թեման է, թե կդադարեն արդյոք ռազմական գործողություններն Ուկրաինայում, կկատարի արդյոք Թրամփը պատերազմը դադարեցնելու իր խոստումը։
Իհարկե, ԱՄՆ-ը շատ ռեսուրսներ ունի պատերազմի դադարեցմանը նպաստելու համար, քանի որ հենց Վաշինգտոնի և նրա դաշնակիցների աջակցությունն է օգնում Կիևին դիմակայել Ռուսաստանին: Այնպես որ Թրամփի ձեռքին լավ հաղթաթղթեր կան, որպեսզի թեկուզև ոչ մեկ օրում, ինչպես խոստացավ քարոզարշավի թեժ պահին, բայց կարճ ժամանակում զիջումների անխուսափելիության վիճակի մեջ դնի Կիևին։
ԶԼՄ-ՆԵՐ ԱՐՏԱՀՈՍԱԾ ՈՐՈՇ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԿԱՐԵԼԻ Է ԵՆԹԱԴՐԵԼ, ՈՐ ՆԱԽՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ։ Ճիշտ է, առայժմ անարդյունք։ Դատելով ըստ ամենայնի, Թրամփի առաջին առաջարկներն այնպիսին չեն եղել, որ Մոսկվան կարողանար ընդունել դրանք։ Բայց պետք է հասկանալ. այլ կերպ լինել չէր էլ կարող, սա բանակցությունների լոկ մեկնարկն է։ Մանավանդ որ ուժի բնավ ոչ բոլոր կենտրոններին է ձեռնտու խաղաղությունը։
Առհասարակ Ուկրաինայում ընթացող դիմակայության լույսի ներքո երկրները կարելի է բաժանել երկու խմբի. նրանց, ում խաղաղությունը ձեռնտու է, և նրանց, ում ձեռնտու է ռազմական գործողությունների շարունակումը, թեև իրենք երբեք դա չեն խոստովանի։
Ճիշտ է, լինում են նաև ավելի խճճված իրադրություններ։ Օրինակ, Հայաստանն այն երկրներից մեկն է, որոնց պետական շահերի տեսանկյունից խաղաղությունը միանշանակ ձեռնտու է։ Այն կնպաստեր ավելի մեծ կայունությանն ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ տարածաշրջանում։ Հետևաբար՝ նաև Հայաստանի ավելի մեծ անվտանգությանը, ինչը թույլ կտար բարձրացնել նաև արցախցի փախստականների, մշակութային ժառանգության և այլ հարցեր…
Բայց մեծ հարց է, թե որքանո՞վ է դա ձեռնտու Փաշինյանին, որը ցանկանալով հնարավորինս չքմեղանալ ու ապահովագրվել, ձգտում է ամբողջությամբ վերաձևաչափել ինչպես հայ ժողովրդի բուն պատմությունը, այնպես էլ այդ պատմության ընկալումը: Ձգտում է ապացուցել, թե սպիտակը սև է, թե Արցախի կորուստը ոչ թե կորուստ է, այլ իր՝ Փաշինյանի նվաճումը, իսկ ձախողում են եղել Հայաստանի անկախության նախորդ բոլոր տարիները:
Անիրագործելի՞ խնդիր է։ Դե, Փաշինյանը լավ մարտավար է և դեմագոգ, նա աստիճանական է գործում։ Ինչպես Անկարայի ու Բաքվի պահանջներն աստիճանաբար բավարարելու, այնպես էլ մեր պատմությունը զուգահեռաբար վերաշարադրելու առումով։
Մի հատկանշական պահ. 44-օրյա պատերազմում իր ձախողումից հետո Փաշինյանն ախր բնավ անմիջապես չսկսեց խոսել բանակցային վատ ժառանգության մասին։ Սկզբում առավելապես ընթանում էր մեղքը «նախկինների» վրա բարդելու գործընթաց։ Այդ «սրիկաները» Փաշինյանին այնպիսի ժառանգություն չթողեցին, որ կարողանար հաղթել պատերազմում և իրեն հռչակել բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն զորավար, ինչը նա այնքա՜ն փափագում էր 44-օրյա պատերազմի առաջին փուլում... Փափագում էր, բայց պարզվեց, որ «նախկինները», իբր, սխալ սպառազինություն էին գնել, սխալ մարդկանց գեներալի կոչում տվել...
Բայց ահա Փաշինյանը կամաց-կամաց անցնում է հաջորդ փուլին։ Հիմա էլ պարզվում է, որ իրենից առաջ բանակցային ողջ գործընթացը սխալ է եղել և հակվել Արցախը Ադրբեջանի կազմում թողնելուն…
Ո՞րն է լինելու հաջորդ փուլը: Հաջորդ փուլում, եթե այս մեկը հաջողվի մարսել, սխալ ու վնասակար է հայտարարվելու Արցախյան շարժումն ընդհանրապես։
Միայն թե, եթե Ուկրաինայում պատերազմը դադարի, Փաշինյանի համար դժվար կլինի անցնել այդ փուլին, քանի որ աբսուրդի տրամաբանությունը հաջողության շատ ավելի մեծ հնարավորություններ է ունենում ճգնաժամային, գոյաբանական իրավիճակներում։
Կարծում ենք, անձամբ Փաշինյանն ու իր արբանյակները, ինչպես խորհրդարանում նստածները, այնպես էլ դրա կուլիսներում Փաշինյանին սատարողները, որոնցից շատերն ընդ որում անձնական բարօրության հետևից ընկած՝ նույնիսկ գերազանցել են Փաշինյանին իրենց ցինիզմով ու ստախոսությամբ, ուրախ չեն լինի, եթե այդ թվում նաև Թրամփի ջանքերով առաջիկա 3-4 ամիսներին վերջ տրվի պատերազմին։
Եվ եթե Հայաստանում, որին անվերապահորեն ձեռնտու է պատերազմի դադարեցումը, այսքան ուժեղ են միայն սեփական շահերով առաջնորդվող «հինգերորդ շարասյան» դիրքերը, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպիսի քողարկված դիմադրություն կէցուցաբերեն խաղաղ գործընթացին այն երկրները, որոնք լոկ շահում են Ուկրաինայում պատերազմի շարունակումից։ Օրինակ՝ հենց նույն Թուրքիան, որն այնքա՜ն ուժեղացրեց իր տարածաշրջանային դիրքերը վերջին տարիներին։