ՀՀ-ում արձանագրվել է ոչ էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրված դեղերի մոտ 40 000 դեպք

ՀՀ տարածքում մոտ 40 000 դեպք է արձանագրվել, երբ էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերն առանց այդ դեղատոմսերի են բացթողնվել։ Այս մասին 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Սլավիկ Սարգսյանը։

Այդ խախտումներն արձանագրվել են և՛ դիմում-բողոքների, և՛ ստուգումների ժամանակ։

«Երբ տնտեսվարողն ընդգրկվում է տարեկան ստուգման ծրագրում, ապա ստուգվում է ամբողջ չստուգված ժամանակաշրջանը։ Եթե առհասարակ չի ստուգվել, ապա ամբողջ ընթացքն ենք ստուգում՝ 2018 թվականից սկսած, երբ հաստատվել է կանոնադրությունը։ Դեղատոմսերի մասով ընդհանուր առմամբ մոտ 200 մլն դրամ տույժ է նշանակվել»,- ասաց Սարգսյանը։

Նա անդրադարձավ նաև այն լուրերին, թե նախկինում տեսչական մարմինը 5000 դրամ տուգանում էր կոնկրետ իրացման դեպքի համար, այժմ դա արվում է յուրաքանչյուր հատիկ դեղի համար։ Վստահեցրեց՝ յուրաքանչյուր հատիկ դեղի համար երբեք ԱԱՏՄ-ն չի տուգանել և բացատրեց՝ տնտեսվարողը շարունակում է տուգանվել յուրաքանչյուր վաճառքի, իրացման դեպքի համար։

«Եթե մի դեպքով իրացվել է 10 հատ դեղ, որը պետք է վաճառվեր դեղատոմսով, ապա դա համարվում է 1 խախտման դեպք, այսինքն՝ չենք տուգանում 10*5000 մեխանիզմով»,- ասաց Սարգսյանը։

Հունվարի 7-ին դեղատնային ընկերությունները (ավելի քան 600 դեղատուն) հերթական նամակն էին հղել ՀՀ վարչապետին, որտեղ դժգոհել էին, որ տեսչական մարմինը տուգանքը նշանակում է վաճառված հաբերի քանակով, այլ ոչ թե յուրաքանչյուր անվանում դեղի համար, ինչպես օրենքի պահանջն է։ Յուրաքանչյուր վաճառված դեղի համար նշանակվում է տուգանք՝ 5000 ՀՀ դրամի չափով։

Ընկերությունները նաև նշել էին, որ առանց էլեկտրոնային դեղատոմսերի դեղերի վաճառքի մեծ տուգանքների պատճառով հայաստանյան դեղատները սնանկացման եզրին են հայտնվել։

Sputnik Արմենիա