ՀՀ–ն դիտարկում է ՄԽ–ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Փաշինյանի խոսնակ

Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նա հիշեցրել է, որ Փաշինյանն հարցազրույցներից մեկում անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը` ասել էր՝ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը: Նա նաև նշել էր` Հայաստանը պետք է համոզվի, որ այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը:

«Հայաստանի Հանրապետությունը միանշանակ և աներկբա ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և պատրաստ է դա վերահաստատել խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ինչպես նաև վերոնշյալ գրառման մեջ նշված մյուս բոլոր նախաձեռնությունների ու քայլերի իրագործմամբ: Կարևոր է, որ Ադրբեջանը նույնպես միանշանակ և աներկբա ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»,- գրել է Բաղդասարյանը։

Հիշեցնենք` Ալիևը հունվարի 7-ին հայտարարեց, որ Հայաստանը սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանային անվտանգության համար, մոտ 30 տարի Հայաստանը կառավարել են «ֆաշիստական գաղափարախոսության» կրողները, որոնք երկիրը ձևավորել են «իրենց նմանությամբ»: Ալիևը փաստացի սպառնաց հնարավոր ռազմական միջամտությամբ՝ նշելով, որ եթե Հայաստանն ինքնուրույն չազատվի այդ «ֆաշիստական» դրսևորումներից, ապա Ադրբեջանը ստիպված կլինի գործել։ Ալիևը նաև հայտարարեց, որ Հայաստանը չպետք է աշխարհագրական խոչընդոտ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ կրկին սպառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ:

Sputnik Արմենիա