Ինչի՞ պիտի բոլորով ավտոբուսի վարորդ փնտրենք, արդեն ընդունած պիտի լինեիք. Մարդիկ ժամերով սպասում են. Ավինյանը բարկացավ

Անցած շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 3205 շարժակազմ, նախատեսված 4541-ի փոխարեն, 1336-ով պակաս, -29։5%։ Այս մասին նշվեց այսօր՝ հունվարի 13-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Թերակատարման պատճառն է հունվարի 1-ի շահագործման հանձնված նոր 171 միավոր ավտոբուսների վարորդների պակաս համալրումը։ Այս առնչությամբ քաղաքապետարանը աշխատանք ենք հրավիրում D կարգ ունեցող վարորդների։

Զեկուցվեց նաեւ, որ ընդհանուր թվով 40 միավոր ավտոբուս անսարք է եղել, որից MAN մակնիշի 87 միավորից 3 միավոր, «Ժոնգթոնգ» մակնիշի 3562 միավորից 8 միավոր, «Հայգեր» մակնիշի 103 միավորից 17 միավոր, փոքր դասի 100 միկրոավտոբուսներից 12 միավոր:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախ ճշտեց, որ այս պահին վարորդի 125 հաստիք թափուր է, ապա ասաց. «Մենք ավտոբուսները ե՞րբ ենք ստացել, նոյեմբերին։ Հիմա տեսեք, այս վերջին մեկ շաբաթվա ընթացքում, այդպես էական չափով արդեն վարորդներ ընդունեցինք աշխատանքի, ճի՞շտ է”: 90 հոգի: Այսինքն, եթե այս տեմպը սկսած նոյեմբերից պահպանեինք, այս ամբողջ խնդիրը լուծած կլինեինք: 340 աշխատակցի կարիք ունեինք, վստահաբար կհասցնեինք իրականացնելը: Հիմա խնդրում եմ՝ բացատրեք ինձ, թե ինչի այս նույնը չենք սկսել անել նոյեմբերից»:

Ի պատասխան զեկուցվեց, որ հաստիքացուցակը հաստատվել է դեկտեմբերի 30-ին, իսկ դրանից առաջ կառավարության որոշման էինք սպասում, որպեսզի մաքսազերծում անեինք:

Ավինյանն արձագանքեց. «Մենք հիմա գնում ենք էական փոփոխությունների տոմսային համակարգում, և մենք ի՞նչ ենք ասում մարդկանց: Ասում ենք՝ ժողովուրդ ջան, գիտեք, մենք նոր ավտոբուսներ ենք բերում, այն հին Hyundai-ները փոխում ենք, «Գազելները» արդեն 2023 թվականից չկան, այս ամեն ինչը իրականացնում ենք նրա համար, որ որակ բարձրացնենք, ու մարդիկ առաջին բանը, ինչ հունվարին տեսնում են, ինչ-որ կիսատ-պռատ աշխատող գծերն են:

Հաստիքացուցակը առաջարկեիք շուտ, հերթագրեիք մարդկանց շուտ, 600 հոգի հերթագրեիք, 340-ին  հունվարի 3-ից գործի ընդունեիք։

Մենք նոյեմբերից ավտոբուսները փաստացի ունենք, մենք գիտենք, որ հունվարից կոնկրետ ինչ ուղղություններով ինչ գծեր ենք փոխարինելու։ Ինչի պիտի էլի քաղաքապետարանով բոլորով ավտոբուսի վարորդ սկսենք փնտրել։

30% պակաս մարդ ունենք այսօրվա դրությանը։ Սա անընդունելի է: Մարդիկ հունվար ամսվա ընթացքում պիտի բան, տեսնեին լավ որակ, ի՞նչ են տեսնում մարդիկ, փոխարինված գծերում ժամերով սպասում են։  Ու մենք էլ ասում ենք՝ ժողովուրդ ջան, գիտեք, մի հատ էլ հլը միասնական տոմսային համակարգի անցեք, արդեն այդ հնարավորություններն էլ ենք ստեղծել, որ մի քիչ էլ ավել սպասեք»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am