Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի մոտ

Ոսկու շուկայի մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Նրանք բողոքում են շրջանառության հարկի կրկնակի բարձրացումից և պահանջում են բացատրել, թե ինչպես ապահովեն ՊԵԿ-ի պահանջած փաստաթղթաշրջանառությունը։

«Մարդը եկել է, ուզում է 10-գրամանոց շղթան փոխել 15-գրամանոցի։ Ես վերցնում եմ էդ շղթան, էդ ո՞նց եմ գրանցելու, փաստաթղթավորելու, տվածս ո՞նց եմ փաստաթղթավորելու։ Այ էդ բաները մեզ պետք է բացատրել։ Հիմա մեզ թուղթ են տվել, որ պետք է մեր սեղանի եղածը գույքագրենք։ Համաձայն ենք, գույքագրենք, կառավարությունն ուզում է իմանալ, թե ամբողջ Հայաստանի տարածքով ինչքան ոսկի կա մեր հարկատուների ձեռքին, բայց գույքագրելուց հետո եկավ հարկայինը, ես ցույց տվեցի5 կգ ոսկի, կշռեց, եղավ 5,2, ինձ ասելու է՝ էդ 200 գրամի փաստաթուղթը ցույց տուր, չեմ կարողանալու, 20 տոկոսով տուգանելու է ինձ»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Նա հավելեց՝ թող բացատրեն, թե եթե գողը մի 100-գրամանոց շղթա տարավ, ինչպե՞ս դա պետք է ցույց տան, ապացուցեն։

Կառավարությունից պահանջում են չեղարկել Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, քննարկել իրենց հետ, նոր միայն փոփոխություններ նախաձեռնել։

Նրանց խոսքով` բոլորն էլ ցանկանում են օրենքի դաշտում աշխատել, բայց երբ իրենց համար օրենսդրորեն այնպիսի դժվարություններ են ստեղծվում, որոնք իրագործելի չեն, իրենք դեմ են։ Պնդում են՝ ոսկյա զարդերի վաճառքի ոլորտում գույքագրում անելն անհնար բան է։

Sputnik Արմենիա