ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՏԱԿԻՑ ԷԼ ՎԱՐ Է ԳԼՈՐՎԵԼ, ԹԵԹև ՀԵԾԵԼԱԶՈՐԸ ԵՐԹԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է

Ինչո՞ւ Տաթևիկ Ռևազյանը, որին Փաշինյանը վստահեց հայրենի ավիացիայի ղեկավարումը, պատիժ չկրեց մի ամբողջ ոլորտի փլուզման համար (ՀՀ-ն մինչև հիմա ԵՄ սև ցուցակում է), չնայած կան միանգամայն հիմնավորված կասկածներ, որ հմայիչ ժպիտով այդ տիկինը կարող էր գործել մեր երկրի արտաքին մրցակիցների թելադրանքով: Թեպետ, ինչպես ասում են, եթե ձեռից չես բռնել, չես կարող գող անվանել։

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՋ ԿԱՆԱՆՑ ՆԵՐԳՐԱՎՈՒՄՆ ԱՆՎԱՆԵՑ ԵՐԿՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ։ «Կանանց հսկայական պոտենցիալը լիարժեք չօգտագործել, նշանակում է՝ լինել անհեռատես»,- հայտարարեց նա։ Ժամանակը ցույց տվեց, որ «ամենահեռատես» քայլը Լիլիթ Մակունցի նշանակումն էր ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում։ 2021թ. սեպտեմբերի 30-ին, այդ տիկնոջ «դիվանագիտական» ջանքերի շնորհիվ, ԱՄՆ հայ համայնքն առաջին անգամ բոյկոտեց ՀՀ անկախության տարեդարձի առթիվ դեսպանատանը կազմակերպվող ընդունելությունը, ընդ որում՝ խոսքը 30-ամյակի մասին էր: Եկել էին միայն Մակունցի հատուկ վստահյալ մարդիկ՝ Նիկոլի ու իր «հեղափոխության» երկրպագուների շարքից...

Ներկա պահին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքը ճակատագրական նշանակություն ունի, բայց արժե՞ արդյոք դիվանագիտական բեկումնային քայլեր ակնկալել անգլերենի դասատուից, որը դիվանագիտական բարձր պաշտոն է զբաղեցրել միայն Փաշինյան ընտանիքի հետ սերտ բարեկամության պատճառով: Գաղտնիք չէ, որ Թրամփի աշխատակազմում մեծ ուշադրություն են դարձնում անձնական կապերին, և գաղտնիք չէ, որ Մակունցի սակավաթիվ կապերը մնացին դեմոկրատների ճամբարում

2022 թվականի հունիսին Փաշինյանը պաշտոնանկ արեց «Նակոլկա Շուշո» մականունով Շուշանիկ Ներսիսյանին, որի 4-ամյա պաշտոնավարումը Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալի պաշտոնում նշանավորվեց մի շարք սկանդալային պատմություններով։ Նույն այն ժամանակ, երբ Ներսիսյանը վայելում էր Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի բարձր հովանավորությունը, ԶԼՄ-ներ արտահոսեցին լուրերն այն մասին, որ «Նակոլկա Շուշոն» ներքաշված է մաքսանենգ ծխախոտի հետ կապված սկանդալային պատմության մեջ։ Խոսքը 2020 թվականի ապրիլին ռուս մաքսավորների կողմից Կրասնոդարի օդանավակայանում հայտնաբերված 2.700 տուփ ծխախոտի մասին է՝ առանց հայկական ակցիզների։ Բեռը տեղափոխում էին Աֆղանստան, ինքնաթիռը պատկանում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը։

Իրավաբան Անահիտ Ավանեսյանը առողջապահության նախարարի պաշտոնում նշանակվեց ուղիղ 4 տարի առաջ՝ 2021 թվականի հունվարի 18-ին։ Բժշկական հանրությունը սկզբում շոկ ապրեց, բայց հետո բժիշկները որոշեցին, որ Արսեն Թորոսյանից հետո կարելի է համակերպվել նաև իրավաբանի հետ։ Հայաստանում առողջապահության ոլորտի բանիմաց կազմակերպիչները լիառատ են: Նրանցից շատերը կարող էին արժանիորեն զբաղեցնել նախարարի պաշտոնը։ Ավաղ, բոլոր արժանի հավակնորդները առնչություն ունեին «նախկինների» հետ, ուստի առողջապահությունը գլխավորեց իրավաբանը։ Անցած տարի Ավանեսյանը շռնդալից կերպով ձախողեց էլեկտրոնային դեղատոմսերի տրամադրման ծրագիրը, նրա մեղքով դեղատնային բիզնեսը թաղվեց միլիոնանոց պարտքերի մեջ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պաշտոնում նշանակվեց 2024 թվականի նոյեմբերի 5-ին: Ռեկորդային ժամկետում նա հասավ ընկերուհու՝ Ծովինար Թադևոսյանի նշանակմանը Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում: Ակնհայտ է, որ նախարարն ու նշյալ ծառայության պետը պետք է աշխատանքային հարաբերություններ պահպանեն, սակայն թե ինչի կհանգեցնի ընկերուհիների այդ դուետը, դժվար է ասել: Վերջին շրջանում քրեակատարողական հաստատություններում հաճախակիացել են արտակարգ իրավիճակները, այդ թվում՝ մարմնական վնասվածքների պատճառումը։ Ասել, թե Թադևոսյանի նշանակումը ցնցեց ինչ ասես տեսած ՔԿԾ աշխատակիցներին, նշանակում է՝ ոչինչ չասել։ Այն մասին, որ սույն տիկինը ավարտին կհասցնի համակարգի փլուզումը, խոսում են բոլորը, ովքեր տեղեկացված են նրա նախորդ գործունեության մասին։ Համակարգի ստաժավոր աշխատողները չեն թաքցնում, որ այս նշանակումով Նիկոլը, ինչպես ասում են, «հատակից էլ վար գլորվեց»։

Անցած տարվա նոյեմբերի 20-ին ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցրեց Արփինե Սարգսյանը, որն իր գործունեությունը սկսեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հանրային քննարկմամբ: Խոսքը, մասնավորապես, Վարդենիսում 16-ամյա Սյուզաննա Սարգսյանի սպանության մասին էր։ Նրան խոշտանգել էին, հետո սպանել, մարմինը նետել մազութի հորը։ Լուրեր էին շրջում հանցագործությանը տեղի իրավապահներից մեկի որդու առնչության մասին, սակայն մեղադրեցին Նալբանդյան ամուսիններին՝ Բագրատին և Նարինեին: Տվյալներ կան, որ նրանցից խոստովանական ցուցմունք են կորզել խոշտանգումների միջոցով։ Ամուսինն ու կինը դատապարտվեցին 13 և 9 տարվա ազատազրկման։ 2015-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բեկանեց այդ որոշումը և գործն ուղարկեց նոր քննության: Նոր քննությունը տևեց 8 տարի, սակայն 2024 թվականի նոյեմբերին Վերաքննիչ դատարանը կրկին ուղարկեց գործն Առաջին ատյանի դատարան։ Այսպիսի դեպքերը երկրում շատ են, դրանք բոլորը տաք հետքերով հետաքննելու ոստիկանության ձախողված աշխատանքի արդյունք են։

16-ամյա Սյուզաննայի սպանության մեղավորները դժվար թե գտնվեն։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ-ից գործերը շատ են, հազիվ թե դրանց թիվը կրճատվի նոր նախարարի օրոք։ Ոչ ոք չի հավատում, թե առաջիկայում Երևանի և այլ քաղաքների փողոցներում կդադարեն կրակել, կկրճատվեն հարբած վիճակում կամ թմրանյութերի ազդեցության տակ հրազենի և սառը զենքի կիրառմամբ սպանությունների ու հաշվեպարզումների դեպքերը:

Սարգսյանն այն համակարգի մարդն է, որի օրոք երկրում սկսվեց կրիմինալի մոլեգնությունը։ Եվ սա միակ պատճառը չէ՝ կասկածելու, թե նախարարի պաշտոնում նրան կհաջողվի արգելակել երկրի սահքը դեպի ոստիկանական կամայականությունների և այլ ապօրինությունների փոս։ Շատ ավելի տեղին է ենթադրել, որ Սարգսյանը շարունակելու է Փաշինյանի շահերի սպասարկման Վահե Ղազարյանի ավանդույթները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը բարձր պաշտոնում նշանակվեց 2022 թվականի դեկտեմբերի 13-ին: Այդ ժամանակից ի վեր կառավարությունը տապալել է 300 դպրոցների վերանորոգման ու կառուցման ծրագիրը։ Նրա օրոք բռնկվեց պատմության դասագրքերի հետ կապված սկանդալը, շրջանառվեց ակադեմքաղաքի կառուցման միջոցով բուհերի խոշորացման զառանցալի գաղափարը։ Անդրեասյանի միակ առավելությունը նրա օրինական ամուսնությունն է իշխող ռեժիմի քարոզչության գլխավոր խոսափող Պետրոս Ղազարյանի հետ։

Աննա Վարդապետյանը գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվեց 2022 թվականի սեպտեմբերին, երբ լրատվամիջոցներն արդեն տեղեկացրել էին հանրությանը ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) և նրա որդու գործի քննությանը այդ տիկնոջ միջամտության մասին։ Միջամտությունը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ Վարդապետյանը զբաղեցնում էր Փաշինյանի օգնականի պաշտոնը։ Ավելի ուշ գործի վերաբերյալ քննիչին տված նրա ցուցումները որակվեցին իբրև «մեթոդական օգնություն»։ Վարդապետյանն այդպես էլ չկարողացավ հաղթահարել աղմկահարույց քրեական գործերով դատաքննություններն արագացնելու իր շեֆի առաջադրանքը։ Նրա սիրելի զբաղմունքը «նախկինների» նկատմամբ քաղաքական հաշվեհարդարներն են, ինչպես նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի ձեռք բերած գույքի բռնագանձման գործերը։

Իր տեղակալ և համատեղության կարգով ընկերուհի Անահիտ Մանասյանին գլխավոր դատախազը 2023թ. ապրիլին տեղավորեց ՄԻՊ պաշտոնում, ինչը աղաղակող փաստ է։ Հենց սա է այն դասական իրավիճակը, երբ ձեռքը ձեռք է լվանում: Մանասյանն արդեն ցույց է տվել, որ ջանադրաբար սատարում է իր ընկերուհուն և քողարկում իրավական կամայականությունները։ Նրա նախորդը՝ Քրիստիննե (երկու «ն»-ով) Գրիգորյանը նշանակումից մեկ տարի անց հեռացավ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից, որպեսզի գլխավորի Արտաքին հետախուզության ծառայությունը: Թե ինչով է նա զբաղվում հանգստից ազատ ժամերին, ոչ ոք չգիտի, բայց չսխալվալու մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ նրա ղեկավարությամբ ծառայությունն իր հնարավոր ներդրումը կունենա պետության փլուզման գործում։ Գրիգորյանը նույնքան հեռու է 21-րդ դարի արտաքին հետախուզությունից, որքան Թադևոսյանը՝ գեղասահքից։

Մարդկության գեղեցիկ կեսի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք Փաշինյանի կողմից նշանակվել են բարձր պաշտոններում, դուրս մնացին սույն հրապարակումից, ինչպես, օրինակ, Մանե Թանդիլյանը, որը սոցապ նախարարն էր Փաշինյանի առաջին կառավարությունում։ Այս տիկինը դավաճանեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, 2023 թվականին անհաջող առաջադրվեց Երևանի քաղաքապետի պաշտոնում՝ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով, որից հետո արդեն նախընտրում է կարծիք չարտահայտել քաղաքական հարցերի վերաբերյալ։ Կառավարման միջին օղակում նույնպես բնակռել են ոմանց ընկերուհիները, որոնց հովանավորում է ռեժիմի պարագլխի կինը, շատ են կանայք նաև տեղական ինքնակառավարման մարմիններում։

Վերջերս Փաշինյանը որոշեց հերթական անգամ «հեռատեսություն» ցուցաբերել՝ օգտագործելով իր կնոջ «հսկայական ներուժը», և «փոդքասթներ» անցկացնել։ Հակոբյանի դերը հանգում է նրան, որ նա պաշտող հայացքով նայում է ամուսնուն և պատրաստակամորեն համաձայնում նրա ասածներին։ Մի խոսքով, թեթև հեծելազորը երթային վիճակում է, շարունակությունը դեռ կտեսնենք…