ՀՌՈՄԵԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ, կամ՝ ՄԻ ԳԱՎԱԹ ՍՈՒՐՃ ԴԻՈԳԵՆԵՍԻ ՀԱՄԱՐ

Նախընտրական վերջին տարում Փաշինյանը, ինչպես ասում են, բառացիորեն փրփուրից է կառչում, ճգնելով ապացուցել, թե ի՜նչ հիանալի է դարձել կյանքը Հայաստանում իր օրոք։ Ե՛վ թոշակառուները պետք է գոհ լինեն իրենց ողորմելի թոշակներից, և՛ մի գավաթ սուրճի համար ոչ թե Ջերմուկ, ինչպես նախկին «խավար» ժամանակներում, այլ Հռոմ թռչելու սիրահարները, և՛ գյուղացիները, որոնց համար այս իշխանության օրոք հրաշալի հնարավորություն բացվեց խաշած եգիպտացորեն վաճառել ճամփեզրին։ Իսկը համընդհանուր բարեկեցության հասարակություն

ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿՈԼՈՒՄԲՈՍԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԱՅՏՆԱԳՈՐԾԵՑ ԱՄԵՐԻԿԱՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ԵՎՐՈՊԱՆ։ Նրա օրոք օդային ճանապարհով դեպի Եվրոպա ուղևորահոսքն աճել է գրեթե 4 անգամ, և ուրեմն, ինչպես եզրակացնում է Փաշինյանը, մարդիկ սկսել են շատ ավելի լավ ապրել։ Նա չխորշեց նույնիսկ բացահայտ հիմարությունից, երբ իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց այն մասին, որ այս տարվա առաջին 6 օրերին օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 19,8%-ով ավելի շատ ուղևոր, քան նախորդ տարվա նույն օրերին։ Մի խոսքով, Հայաստանի երկնքում իսկական իրարանցում է եղել. ոմանք ակտիվորեն հեռանում են, մյուսները՝ նույնքան ակտիվորեն ժամանում։ Անհասկանալի է մնում, թե ով է Փաշինյանին դրդել անհեթեթ եզրակացություններ անել 6 օրվա համեմատության հիման վրա։

Թեպետ, ինչո՞ւ ոչ: Չէ՞ որ Աստված ստեղծեց երկիրը 6 օրվա ընթացքում՝ որոշելով հանգստանալ 7-րդ օրը: Ահավասիկ Փաշինյանն էլ, օդային ուղևորների ամանորյա իրարանցումային հոսք ստեղծելով դեպի մեր երկիր, գնաց Աննա Հակոբյանի հետ սոխով ձվածեղ պատրաստելու։ Հո շարունակ ժողովրդի մասին չէ հոգ տանելու, ժամանակն է, որ իր մասին էլ մտածի:

Մինչդեռ դպրոցականին էլ պարզ է, որ Փաշինյանի օրոք ավելի լավ են սկսել ապրել նրանք, ովքեր, ինչպես ասում են, նախկինում էլ բնավ ընչազուրկ չէին։ Մասնավորապես, նախկին կառավարություններից ոչ մեկը չի զբաղվել, օրինակ, բանկային շահերի և առհասարակ բնակչության ունևոր խավի այսպիսի բացահայտ լոբբինգով։ Եվ այդ ալգորիթմն ի հայտ եկավ Փաշինյանի կառավարման հենց սկզբից, երբ եկամտահարկի սանդղակը համահարթեցվեց (հավասարեցվեց), այսինքն ամենաաղքատներն ու ամենահարուստները պարտավոր են նույն տոկոսը վճարել եկամտից։

Հետո՝ ավելին: Քաղաքացիների հարկային բեռի շարունակական ծանրացումը և սոցիալապես խոցելի խավերի համար առկա արտոնությունների վերացումը ոչ մի անգամ չանդրադարձան առանձին, ասենք, բարձր եկամուտներ ունեցողների կամ շքեղության առարկաների տերերի վրա («շքեղության հարկ» Ընդհանրապես սեփական բնակչության կանոնավոր ու համատարած կողոպտումը ժողովրդի գիտակցության մեջ մնում է որպես ամենաուժեղ տնտեսական տպավորություն Փաշինյանի գրեթե 7-ամյա կառավարումից։

«Ժողովրդական վարչապետը» վաղուց դարձել է վառ օրինակն այն բանի, թե ինչպես կարելի է դեմքի խելացի արտահայտությամբ հիմարություն բարբաջել, բացահայտ սուտ հրամցնել ու ամեն ինչ շրջել գլխիվայր։ Նա այն աստիճան է լկտիացել, որ կառավարության վերջին նիստում իր վրայից հրապարակավ գցեց ամեն տեսակի պատասխանատվությունը սեփական նախընտրական ծրագրի կատարման, ինչպես նաև երկրում աղքատության մակարդակի համար։ Պարզվում է՝ աղքատությունը հաղթահարվում է բացառապես աշխատանքով, և աղքատները, նմանվելով Դիոգենեսին, պարզապես չեն ցանկանում աշխատել, աղքատությունը համարելով առաքինություն և նախընտրելով փիլիսոփայել դատարկ ստամոքսով:

Լսիր, մի՞թե քեզ հայտնի չէ, որ երկրում կան հենց աշխատող հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք ի վիճակի չեն հաղթահարել աղքատությունը։ Ո՞ւմ ես փորձում հիմարացնել: Հայ ժողովուրդը երբեք չի եղել ծույլ պորտաբույծ և երբեք հույսը չի դրել իշխանությունների վրա, նախընտրելով սեփական ձեռքերով կերտել իր նյութական բարօրությունը: Բայց հենց դու այնպես խեղեցիր աշխատաշուկան՝ բարեհաջող կերպով մոռացության մատնելով Հայաստանում բարձր աշխատավարձերի տնտեսություն կառուցելու սեփական խոստումդ, որ հիմա աշխատես, թե չաշխատես՝ տարբերություն չկա։

Այդ քո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկանքում է նշված աղքատության մակարդակի միջին դինամիկայի աղյուսակը, որից երևում է, թե ինչպես եք 2018-ին «ընդունել» 23.5%, 2021-ին հասցրել աղքատությունը 26.5%-ի, իսկ ըստ վերջին հասանելի տարեկան տվյալների՝ 2023-ին աղքատության մակարդակը կազմել է 23.7%: Ձեր իսկ պաշտոնական վիճակագրությունն է վկայում, որ 2024 թվականի 3-րդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 13,3%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12%-ի համեմատ։

Այդ ձեր ԿԲ-ն վերջերս ստիպված եղավ խոստովանել, որ երկրում այսօր կա 341 հազար անհուսալի պարտապան՝ 642 մլրդ դրամի ընդհանուր ահռելի բեռով (դեռ մեկուկես տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր «ընդամենը» 525 մլրդ դրամ)։ Իսկ «անհուսալի» պարտապանների բանկային դասակարգման տակ ընկնելու համար վերջիններս պետք է առնվազն 3 տարի չկարողանան մարել վերցրած վարկերը։ Ընդ որում նշված 341 հազար անձանցից 218 հազարն ունի 1 մլն դրամից պակաս ժամկետանց պարտք։ Այսպիսով, գործնականում մեկ միլիոն ընտանիքներում (3 հոգանոց միջին ընտանիքի նվազագույն հաշվարկով) կա անհուսալի պարտապան, իսկ 700 հազար ընտանիքներ տարիներ շարունակ չեն կարողանում մարել նույնիսկ մեկ միլիոն դրամից պակաս պարտքը: