ԿԴԱՌՆԱ՞ ԱՐԴՅՈՔ ԹՈՒՐՔԻԱՆ ՊՈՒՏԻՆԻ և ԹՐԱՄՓԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԹԱԿ
Պուտինի և Թրամփի հանդիպումը նախապատրաստվում է, իսկ երկու առաջնորդների հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ ամենամոտ ժամանակներս: Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը։ Նա նշել է նաև, որ ՌԴ-ի լիակատար դուրսմղումն այն տարածքներից, որոնց կցանկանար հավակնել Ուկրաինան, ներառյալ Ղրիմից, անիրատեսական նպատակադրույթ է, բայց ամեն դեպքում առանց երկխոսության անհնար է լուծել այս կամ այն խնդիրը։
Ուոլցն անշուշտ իրավացի է. ափսոս, որ Բայդենը և արևմտյան աշխարհի մյուս առաջնորդները՝ նախկին և ներկայիս, միայն Թրամփի Սպիտակ տուն գալուց հետո սկսեցին լրջորեն մտածել այնպիսի պարզ կանխադրույթի մասին, ինչպիսին երկխոսության անհրաժեշտությունն է:
Մի շարք երկրներ արդեն հայտարարել են Պուտինին և Թրամփին ընդունելու, նրանց բանակցային հարթակ տրամադրելու պատրաստակամության մասին։ Ակնհայտ է, որ շատերին վաղուց ձանձրացրել է այս պատերազմը, և փառք Աստծո։ Վուչիչն առաջարկել է բանակցություններն անցկացնել Սերբիայում։ Շվեյցարիայի ԱԳՆ տեղեկատվության ծառայության ղեկավար Նիկոլա Բիդոն հայտարարել է իր երկրի պատրաստակամության մասին: Հնարավոր հանդիպման համար իրենց ծառայություններն են առաջարկել Ավստրիան, Ղազախստանը, Թուրքիան։
Մի շարք փորձագետների կարծիքով՝ Պուտինի և Թրամփի հանդիպումն անհնար է այն երկրներում, որոնք վավերացրել են Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, որը Պուտինի ձերբակալման օրդեր է տվել: Անիմաստ ակցիա, ուղղված միայն առճակատում հրահրելուն, բայց ինչ կա՝ կա։ Ուրեմն մնում են Ղազախստանն ու Թուրքիան։
Հաղորդվում է, որ Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներն օրերս հեռախոսազրույց են ունեցել, քննարկելով միջազգային օրակարգի արդիական հարցեր: Կարծում ենք՝ նաև Պուտինի և Թրամփի բանակցությունների հնարավորությունը Թուրքիայում։
Բայց այստեղ կա մի էական նրբերանգ։ Հասկանալի է, որ Թուրքիան ցանկանում է հանդես գալ որպես բանակցությունների հարթակ, որպես միջնորդ այդ բանակցություններում, դա կբարձրացնի Էրդողանի հեղինակությունը։ Բայց պետք է նկատի ունենալ, որ այսօրվա դրությամբ այնուամենայնիվ ոչ բոլոր երկրներն են շահագրգռված Ուկրաինայում շուտափույթ խաղաղությամբ, թեև, իհարկե, չեն խոստովանի դա։ Նույն Թուրքիային նույնիսկ ձեռնտու է ռազմական գործողությունների շարունակումն Ուկրաինայում. կարելի է փաստել, թե ռազմական գործողությունների ընթացքում որքան է մեծացրել Անկարան իր ազդեցությունը տարածաշրջանում։ Ադրբեջանի հետ: Ընդ որում՝ մեծամասամբ ռուսական շահերի հաշվին։ Այդ թվում՝ մեր Փաշինյանի «իմաստուն» քաղաքականության շնորհիվ, բայց սա այլ խոսակցություն է։ Այնպես որ, եթե Պուտին-Թրամփ հանդիպումն անցկացվի Թուրքիայում, ապա չի բացառվում, որ Անկարան գաղտագողի, բայց ջանա վնասել բանակցային գործընթացին։ Այլ ազդեցիկ դերակատարների հետ միասին, որոնք շահագրգռված են ահագնացման շարունակման հարցում:
Վերջերս Իլոն Մասքը հերթական սենսացիոն հայտարարությունի արեց, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրավիրված չէ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը, քանի որ նա «գործակալներ է ուղարկել Ամերիկա՝ ԱՄՆ ընտրությունները խափանելու համար»։
Թեպետ, հայտարարությունն այնքան էլ սենսացիոն չէ: Առանձնակի գաղտնիք չէ, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինայում ռազմական գործողությունների շարունակման հիմնական աշխարհաքաղաքական հովանավորն է։ Եվ այն, որ Լոնդոնն ուժեղ դիրքեր ունի Թուրքիայում, նույնպես առանձնակի գաղտնիք չէ…
Իսկ Երևա՞նը։ Երևանը՝ ի՞նչ: Պաշտոնական Երևանը հեծանիվ է քշում, ձվածեղ պատրաստում ու փորձում «իմաստուն» մտքեր բարբառել։ Այո, Հայաստանին, անշուշտ, ձեռնտու է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարումը, քանզի այդժամ կայունության ալիքը կարող է հասնել նաև մեր պայթյունավտանգ տարածաշրջան, իսկ դա լրացուցիչ հնարավորություններ կընձեռի ավելի արդյունավետ բարձրացնելու Բաքվում պահվող հայ պատանդների, փախստականների Արցախ վերադարձի հարցերը...
Բայց ակնկալել, թե Երևանը կարող է ինչ-որ կերպ դրսևորել ուկրաինական ուղղությամբ խաղաղության հաստատման նաև իր շահագրգռվածությունը, անիմաստ է։ Նախ, որովհետև Նիկոլ Փաշինյանի անձնական շահը և Հայաստան պետության շահը սկզբունքորեն տարբեր բաներ են։ Եվ երկրորդ, որովհետև ոչ մեկին չի հետաքրքրում Երևանի կարծիքն այդ առնչությամբ։ Երևանը ոչ մեկին հետաքրքիր չէ։ Թերևս միայն Բաքվին։ Բայց դա առանձնահատուկ հետաքրքրություն է: Կատվի հետաքրքրություն անկյուն քշված ու դեսուդեն ընկնող մկնիկի նկատմամբ: