Դատավոր Անի Հարությունյանից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1 մլրդ դրամ

ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի մի շարք անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց և խոշոր` ավելի քան 1 մլրդ դրամ գումար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Պահանջ է ներկայացվել դատարանին բռնագանձել.

- 13 անշարժ գույք՝ Երևանում, 1 անշարժ գույք Կոտայքում, 3 անշարժ գույք՝ Վրաստանում.

- 1 անշարժ գույքի ձեռքբերման արժեքը.

- 2 տրանսպորտային միջոց.

- 1 իրավաբանական անձում մասնակցությունը.

- 2 չմարված ավանդների գումարները.

- Տրամադրված փոխառության պահանջի իրավունքը.

- 86 մլն 930 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

- 954 մլն 519 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ 3–րդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների` դատավոր Անի Հարությունյանի հայրը ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ, ՀՀ ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գրիշա (Գրիգոր) Հարությունյանն է: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանն էլ Գրիշա Հարությունյանի քրոջ որդին է։

Sputnik Արմենիա