Պապիկյան․ ՌԴ-ն կկրճատի Հայաստանի պարտքը՝ վճարված, բայց չմատակարարված զենքի դիմաց

Ռուսաստանը կկրճատի Հայաստանի պարտքը վճարված, բայց չմատակարարված սպառազինության դիմաց: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև:

«Կդժվարանամ ասել, թե այն կյանքի կոչման որ հատվածում է, բայց նմանատիպ պայմանավորվածություն ձեռք է բերվել։ Եվ սա միակ ընթացիկ պայմանագիրը չի եղել Հայաստանի և Ռուսաստանի միջև, բնական է, կան պարտավորություններ, որոնք կարող են ուշացումների հետևանքներով ունենալ իրենց պայմանագրային հետևանքները՝ տույժ, տուգանքներ և այլն, բայց և կան պայմանագրեր, որ նորմալ կատարվում են»,- ասաց Պապիկյանը։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ ՌԴ–ն զենք է արտադրել Հայաստանի համար և երեք անգամ խնդրել Երևանին վերցնել այն։ 2022 թվականին զենքերի մի մասն ուղարկվել է հատուկ ռազմական գործողության գոտի։

Հիշեցնենք` Հայաստանի իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պայմանագրով նախատեսված սպառազինություն և ռազմական տեխնիկա չի մատակարարել, մինչդեռ գումարները փոխանցվել են: Ճշգրիտ գումարը պաշտոնապես չի նշվել։ Որոշ տվյալներով` խոսքը 250 մլն դոլարի մասին է։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին հայտարարեց, որ քննարկվում է Ռուսաստանին զենքի գնման համար վճարած միջոցների հաշվին Հայաստանի պարտքի նվազեցման տարբերակը։

Sputnik Արմենիա