Փաշինյանը և Ալիևը Դավոսում կմասնակցեն Համաշխարհային տնտեսական համաժողովին

Հունվարի 20-24-ին Դավոսում (Շվեյցարիա), Համաշխարհային տնտեսական համաժողովում ողջ աշխարհի ղեկավարները կքննարկեն այս տարվա գլոբալ խնդիրները և առաջնահերթությունները։ Համաշխարհային տնտեսական համաժողովի պաշտոնական կայքի համաձայն՝ համաժողովին կմասնակցի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հանդիպմանը կմասնակցեն ավելի քան 130 երկրների 350 պետական ներկայացուցիչներ, այդ թվում՝ 60 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, որոնց թվում են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Չինաստանի փոխվարչապետ Դին Սյուեսյանը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի հանդես կգա «հատուկ ուղերձով»։ ՀՏՀ-ին կմասնակցեն Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը և Պաղեստինի ինքնավարության վարչապետ Մոհամադ Մուստաֆան, ինչպես նաև Իրանի փոխնախագահ Մոհամադ Ջավադ Զարիֆը: Համաժողովին կմասնակցեն Սիրիայի արտաքին գործերի ժամանակավոր նախարար Ասադ ալ-Շայբանին, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Համաժողովին կմասնակցեն նաև բիզնեսի, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, գիտության, լրատվամիջոցների և արվեստի ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ հանդիպմանը կմասնակցի 3 հազար մարդ։

Համաժողովում կքննարկվեն համաշխարհային տնտեսության աճի նոր աղբյուրները, բիզնես-ռազմավարությունները՝ հաշվի առնելով խոշոր աշխարհատնտեսական և տեխնոլոգիական տեղաշարժերը, ներդրումները մարդկային կապիտալի զարգացման մեջ և աշխատատեղերի ստեղծումը, որոնք կնպաստեն հասարակության զարգացմանը, շրջակա միջավայրի բարելավմանը, առաջավոր տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև համագործակցության նոր ուղիների որոնմանը՝ միջազգային մակարդակով լուծումներ մշակելու համար։ Մեկ այլ առանցքային թեմա կլինի արհեստական ​​բանականությունը. համաժողովում կբարձրացվի դրա կարգավորման հարցը։

News.am