ԻՀՊԿ-ն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև գործարքի ֆոնին կոչ է արել պատրաստվել նոր պատերազմի

Իսրայելի ևնպաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածում հրադադարի մասին գործարքի կնքման ֆոնին իսլամական դիմադրության ուժերի մարտունակությունը պետք է պահպանվի նոր պատերազմին դիմակայելու համար։ Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ (ԻՀՊԿ, ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ)։

Նախօրեին հակամարտության կողմերը՝ Իսրայելն ու ՀԱՄԱՍ շարժումը, Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ պայմանավորվել են 42 օրով հրադադար հաստատել պաղեստինյան Գազայի հատվածում։

«Հայտարարելով Գազային աջակցող տարածաշրջանում իսլամական դիմադրության ճակատի այլ կողմերին աջակցելու և համերաշխություն հայտնելու մասին, փառաբանելով լիբանանյան «Հզբոլլահի», եմենյան «Անսար Ալլահի» և իրաքյան դիմադրության զոհերին և նախազգուշացնելով Իսրայելի կողմից համաձայնագրի հնարավոր խախտման և նոր պատերազմին ու նոր հանցագործություններին հակազդելու համար տեղում պատրաստությունը պահպանելու մասին, հույս ունենք, որ Ալլահի կամքով, Ալ-Աքսա մզկիթում մոտ ապագայում աղոթք կհնչեցնենք ի պատիվ մուսուլմանների հաղթանակի, որը համաշխարհային ԶԼՄ-ների առաջին նորությունը կդառնա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին։ Հրադադարի առաջին փուլը կտևի 42 օր, այդ ընթացքում ազատ կարձակվեն 33 իսրայելցի պատանդներ: Երկրորդ փուլի շուրջ կսկսեն բանակցել առաջին փուլի 16-րդ օրը։ Այդ բանակցությունների ընթացքում կքննարկվեն մյուս բոլոր պատանդներին ազատ արձակելու, մշտական հրադադար հաստատելու և Գազայից իսրայելական զորքը դուրս բերելու հարցերը։

Երրորդ փուլի շրջանակում կվերադարձվեն զոհվածների բոլոր մարմինները։ Այս փուլում սպասվում է, որ կսկսվի Գազայի հատվածի վերականգնումը Եգիպտոսի, Կատարի և ՄԱԿ-ի հսկողության ներքո:

ՀԱՄԱՍ շարժումն իր հերթին հրադադարը շրջադարձային պահ է անվանել Իսրայելի հետ հակամարտությունում: Ինչպես պարզաբանել է շարժման ներկայացուցիչը, ինը իսրայելցի պատանդներ, այդ թվում ՝ հիվանդներ և վիրավորներ, ազատ կարձակվեն Իսրայելում ցմահ ազատազրկման դատապարտված 110 պաղեստինցիների դիմաց: Բացի այդ, Իսրայելը պարտավորվել է ազատ արձակել 2023 թվականի հոկտեմբերի 8-ից ձերբակալված և հոկտեմբերի 7-ի իրադարձություններին չմասնակցած հազար պաղեստինցի բանտարկյալների:

Sputnik Արմենիա