Սոբոլև․ Հայաստանի և ԱՄՆ միջև համագործակցությունը սպառնալիք է Անդրկովկասում ՌԴ շահերին
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված համագործակցության պայմանագիրը, ինչպես նաև ԱՄՆ վերընտրված նախագահի՝ իր երկրի ազդեցությունն ընդլայնելու հավակնոտ ծրագրերը վկայում են այն մասին, որ Դոնալդ Թրամփը կարող է դառնալ Ռուսաստանի ամենալուրջ հակառակորդներից մեկը։ Նման կարծիք է հայտնել Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Վիկտոր Սոբոլևը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ռազմավարական գործընկության խարտիա։ Հայտարարվել է նաև, որ բանակցություններ են սկսվել միջուկային ոլորտում համագործակցության համաձայնագրի շուրջ։ Բլինքենն ընդգծել է, որ խարտիայի ստորագրումն ամրապնդում և ընդլայնում է երկկողմ համագործակցության հավակնությունները, իսկ Միրզոյանը նշել է, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները հասել են գործընկերության այնպիսի մակարդակի, որն առանցքային է միջազգային բարդ միջավայրում։ Նա նաև հաստատել է միջուկային համագործակցության շուրջ բանակցությունների մեկնարկը։
Վիկտոր Սոբոլևը այս իրավիճակը չափազանց վտանգավոր է անվանել Անդրկովկասում Ռուսաստանի շահերի համար՝ ասելով, որ նման համաձայնագրերը հակասում են Մոսկվայի աշխարհաքաղաքական շահերին։
«Անշուշտ, դա սպառնում է Ռուսաստանի շահերին Անդրկովկասում։ Ի վերջո, ԱՄՆ-ում այժմ Թրամփն է իշխանության, այլ ոչ թե անընդհատ ընկնող Բայդենը։ Նա մարդ է, որը ցանկանում է Ամերիկան մեծացնել: Եվ մենք այս մեծության կարիքը բացարձակ չունենք։ Այն, որ նա մտել է Հայաստան, առաջին ազդանշանն է, որ նա անպայման լինելու է մեր թշնամին և, հավանաբար, ամենալուրջը։ Իհարկե, ռիսկեր կան, որ Հայաստանը կվերածվի հակառուսականի, եթե նրանք արդեն կնքել են նման պայմանագիր։ Ի դեպ, Բլինքենն ու նոր պետքարտուղարն առանձնապես տարաձայնություններ չունեն Ուկրաինայի հարցում, ուստի արժե դեն նետել այն հույսերը, որոնք մենք կապել ենք Թրամփի հետ։ Ավելի ուշ Թրամփն ասել է, որ Կանադան Միացյալ Նահանգների մի մասն է, Գրենլանդիան ևս, և դա շատ լուրջ է։
Նա իրականում կայսրություն է ստեղծում։ Սա սկզբունքորեն հակասում է մեր ազգային շահերին։ Իհարկե, ՆԱՏՕ բազաները տեղակայվելու են Հայաստանում, իսկ մեր զորքերը դուրս են բերվելու այնտեղից։ Մեր ռազմակայանները գտնվում են Գյումրիում և Երևանում։ Սա շատ լուրջ է։ Ամբողջ հարավային ուղղությունը պետք է ուժեղացվի»,- ասել է նա НСН-ին (Национальная Служба Новостей)։
News.am