Կրեմլ․ Փաշինյանը պարզաբանել է Երևանի վերջին քայլերը, Պուտինը գնահատական է տվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ պարզաբանել է Եվրամիության հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը, ՌԴ ղեկավարը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Զրույցի մասին ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Ըստ Կրեմլի` հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:

«Ի շարունակություն 2024 թվականի դեկտեմբերին անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի, քննարկվել են ինտեգրացիոն փոխգործակցության հետագա խորացման որոշ արդիական հարցեր, առաջին հերթին՝ էներգետիկայի ոլորտում։ Արձանագրվել են ծանրակշիռ գործնական օգուտներ ԵվրԱզԷՍ-ի շրջանակում իրականացված համատեղ աշխատանքից, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության համար»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` 2024 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ԿԸՀ–ն բավարարել է 51 անձից բաղկացած քաղաքացիական նախաձեռնության գրանցման որոշումը, որը պատրաստվում էր Եվրոպական միության անդամակցության հարցով Հայաստանում ստորագրահավաք անցկացնել։ Արևմտամետ քաղաքական գործիչներին ու հասարակական գործիչներին միավորող նախաձեռնող խումբը հոկտեմբերի 25-ին հայտարարեց, որ հավաքել է 60 հազար ստորագրություն (օրենքով պահանջվող 50 հազարի փոխարեն)։ Նոյեմբերի 19-ին ԿԸՀ–ն հայտնեց, որ ստորագրությունների ստուգման գործընթաց է սկսել, իսկ հոկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ ստորագրություններից 52 351–ը վավեր են։ Հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ այն խորհրդարան ուղարկելով։

Sputnik Արմենիա