«Միասին» շարժում․ Պահանջում ենք դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին

«Միասին» հասարակական-քաղաքական շարժումն ու տարբեր քաղաքական ուժեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են հայ ռազմաքաղաքական գերիների նկատմամբ Բաքվում սկսվող դատավարությունը չեղարկելու և նրանց ազատ արձակելու պահանջով դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին։

Շարժման ղեկավարներից Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը հայտնեց, որ իրենք անձամբ իրենց պահանջագիրը ներկայացնելու են Մինսկի խմբի բոլոր համանախագահներին՝ Ֆրանսիային, ԱՄՆ-ին և Ռուսաստանին։

Նրա խոսքով, իրենց պահանջագրին միացել են մի շարք ՀԿ-ներ, «Հայաքվե» նախաձեռնությունը, Հայկական դիվանագիտական ասոցիացիան, ինչպես նաև «Համահայկական ճակատ» կուսակցությունը:

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին պետք է հստակ պահանջներ ներկայացնել, քանի որ այն չի կատարում իր պարտականությունները։ Ընդգծեց՝ ՀՀ իշխանություններն էլ պետք է հասկանան, որ հենց այդ կառույցն է մեզ համար կարևոր։

«Միասին» շարժումը փետրվարի 20-ին Երևանի Ազատության կամ Հանրապետության հրապարակներում հանրահավաք է հրավիրում։ Այն նվիրված է լինելու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի այն օրվան, որով սկսվեց այդ պայքարը (1988 թվականի փետրվարի 20-ին Երևանում կայացավ առաջին ցույցը ի աջակցություն արցախահայության)։

Նշենք, որ այսօր Բաքվի դատարանում մեկնարկելու է Բաքվում պահվող 23 գերիներից 15–ի դատավարությունը։

Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։

Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին ուղերձով էր դիմել՝ նշելով, որ իր ձերբակալման առաջին օրվանից ի վեր ոչ մի ցուցմունք չի տվել, միայն առաջին անգամ անուն-ազգանունն է ասել։ Նա նաև ընդգծել էր, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են, ու վստահեցրել՝ ճնշում է գործադրվել և՛ իր, և՛ իր փաստաբանի, և՛ թարգմանչի վրա։

News.am