Դատարանը Գարիկ Գալեյանին դատապարտեց 2 տարի ազատազրկման

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը` Գարիկ Գալեյանին, դատապարտել է 2 տարի ազատազրկման։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Դատավոր Մասիս Մելքոնյանն հրապարակել է դատավճիռը՝ հաշվակցելով Գալեյանի՝ նախաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու 6 ամիս 27 օր ժամկետը, վերջնական պատիժ է նշանակվել 1 տարի 6 ամիս ժամկետը։

«Դատարանը միևնույն ժամանակ Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառեց տնային կալանքը, մինչև որ վճիռը օրինական ուժի մեջ կմտնի։ Դատաքննության ընթացքում Գալեյանի խափանման միջոց կալանքը փոխվել էր տնային կալանքով՝ համակցված գրավով, ապա վարչական հսկողությամբ»,– ասաց փաստաբանը։

Փաստաբանը բացատրեց` սա ենթադրում է, որ դատավճիռը ստանալուց հետո Գարիկ Գալոյանի նկատմամբ կկիրառվի տնային կալանք, իսկ եթե դատավճիռը մնա օրինական ուժի մեջ վերադաս ատյաններում, ապա նաև կազատազրկվի։

Նա հայտնեց, որ պատրաստվում են բողոքարկել դատավճիռը։

Գալեյանը մեղադրվում է խուլիգանության ու թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ։