ՄԻԵԴ-ը Վրաստանին ժամանակավորապես արգելել է լրագրող Աֆղան Սադիգովին արտահանձնել Ադրբեջանին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վրացական իշխանություններին ժամանակավորապես արգելել է լրագրող Աֆղան Սադիգովին արտահանձնել Ադրբեջանին։ Այս մասին հաղորդում է «News Georgia» պորտալը՝ հղում անելով Սադիգովի շահերը ներկայացնող Սոցիալական արդարության կենտրոնին (SJC):
Ինչպես նշում են հասարակական կազմակերպությունները, Ստրասբուրգի դատարանը բավարարել է նրանց միջնորդությունը՝ հաշվի առնելով հիմնարար իրավունքների խախտման ռիսկերը, և Սադիգովի գործին տվել է առաջնահերթության կարգավիճակ։
«ՄԻԵԴ-ը միակ իրավական մեխանիզմն է, որը կանգնեցրել է երկու երկրների կառավարությունների կողմից մարդու անօտարելի իրավունքների ոտնահարումը ճգնաժամային այս իրավիճակում»,- ասվում է հայտարարության մեջ։
Սադիգովը եղել է ադրբեջանական Azel.tv կայքի գլխավոր խմբագիրը։ Նա հիմնականում զբաղվել է կոռուպցիայի հետ կապված հարցերով։ Նա ձերբակալվել է Թբիլիսիում 2024 թվականի օգոստոսի 3-ին։ Վրաստանի իշխանությունները մտադիր են նրան արտաքսել Ադրբեջան, որտեղ նա մեղադրվում է շորթման մեջ։ Լրագրողը պնդում է, որ իր դեմ հարուցված գործը շինծու է։ Նա հացադուլ է հայտարարել բանտում՝ միաժամանակ պաշտպանություն փնտրելով Վրաստանում։
Հունվարի 15-ին Թբիլիսիի վերաքննիչ դատարանը հաստատել է լրագրողին փախստականի կարգավիճակ տրամադրելու մերժումը։ Սակայն ՄԻԵԴ-ն արգելել է լրագրողի արտահանձնումը առաջիկա յոթ օրերի ընթացքում։ SJC-ն արդեն դիմել է Ստրասբուրգ՝ ժամանակավոր միջոցը երկարացնելու համար։
News.am