«ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՂԸ», կամ «ԲԱԼԱՆՍԱՎՈՐՎԱԾ» ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԶՐՈՅԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ
Փաշինյանն ակտիվորեն տպավորություն է ստեղծում, թե ինքը, Ամերիկան հայտնագործած Կոլումբոսի պես, Հայաստանի համար հայտնագործում է Եվրոպան, ԱՄՆ-ը և առհասարակ արևմտյան աշխարհը: Ահավասիկ կառավարությունն այս տարվա առաջին իսկ նիստում ընդունեց Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրինագիծը, իսկ ևս մի քանի օր անց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության խարտիա։ Դե, կեցցե՛ մեր վարչապետը, այնպես չէ՞..
Ասենք, նա ինքն էլ չզլացավ գովել իրեն «բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության» համար, ինչին Հայաստանի սահմանների անվտանգության առումով անմիջապես ձայնակցեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Բայց այդպե՞ս է արդյոք դա:
ՄԵՐ ԿԱՐԾԻՔՈՎ, ԻՍԿԱՊԵՍ «ԲԱԼԱՆՍԱՎՈՐՎԱԾ ԵՎ ԲԱԼԱՆՍԱՎՈՐՄԱՆ» ԷՐ ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Իրականում հենց նրանք են, այսպես ասած, բացել արևմտյան վեկտորը Հայաստանի համար, բայց արել են դա առանց նյարդայնացնելու իրենց հյուսիսային մեծ հարևանին և ոչ ի հեճուկս նրա, ինչպես ներկայիս իշխանությունները։
Այո, Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկրների շարքում էր, բայց միևնույն ժամանակ ակտիվորեն մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին և տարբեր խաղաղապահ առաքելություններին՝ ամեն կերպ զարգացնելով հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։
Լինելով ԵԱՏՄ անդամ՝ Հայաստանը 2017 թվականի նոյեմբերին Եվրամիության հետ ստորագրեց «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» («ՀԸԳՀ») , ինչը թույլ տվեց զարգացնել հարաբերությունները նաև այդ ուղղությամբ: Մինչ այդ մեր երկիրը մասնակցում էր եվրոպական «Արևելյան գործընկերություն» ծրագրին։ Արևմուտքի հետ բոլոր համաձայնագրերը կնքվել են այն պայմանով, որ դրանք չեն հակասի Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ կնքած պայմանագրերին։
Եթե ավելի հեռուն նայենք, ապա կարելի է հիշել մի կողմից Հայաստանի, մյուս կողմից Եվրամիության և նրա անդամ պետությունների միջև կնքված «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել դեռևս 1999թ. հուլիսի 1-ից: Այդ համաձայնագրով ձևավորվեց ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեն, որի համանախագահը հայկական կողմից առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանն էր, իսկ Եվրամիության կողմից՝ արտաքին հարաբերությունների ընդհանուր վարչության տնօրեն Հյուգե Մինգարելին։
Մի խոսքով, գիտակցելով Եվրոպայի հետ մշակութաբանական կապը՝ Հայաստանի իշխանությունները Փաշինյանից դեռ շատ առաջ պահպանել են քաղաքական կամքը և եվրակառույցներում ինտեգրվելու, եվրոպական նորմերին, չափանիշներին ու կանոններին մերձենալու ուղղվածությունը։ Իր հերթին՝ Եվրամիությունն օգնել է մեզ բարելավել գործարար միջավայրը, ավելի մատչելի դարձնել եվրոպական շուկան հայկական ապրանքների և ծառայությունների համար, նվազեցնել հարուստների ու աղքատների միջև անդունդը և այլն, և այդպես շարունակ:
Համագործակցության միայն առաջին 10 տարիների ընթացքում՝ սկսած 1992 թվականից, Եվրամիությունը Հայաստանին տրամադրել է 320 մլն եվրո ընդհանուր գումարի տեխնիկական և այլ օգնություն, ուստի առաջիկա 4 տարիների ընթացքում մեր երկրին 270 մլն եվրո հատկացնելու Եվրամիության այսօրվա խոստումներն այնքան էլ շռայլ ու առավելևս եզակի չեն թվում:
Կրկին ընդգծենք, որ Հայաստանի իսկապես գրագետ և բալանսավորված արտաքին քաղաքականությունն իրականում եղել է Փաշինյանի իշխանության գալուց առաջ։ Հայաստանը հմտորեն պահպանել է ուժերի հավասարակշռությունը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում։ Բայց 2018-ի «թավշե հեղափոխությունից» հետո Փաշինյանի կառավարությունն իր կոպիտ, չկշռադատված ու անհամարժեք խոսքերով և գործողություններով լիովին անհավասարակշռեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ընդ որում՝ այն աստիճան, որ մեր գործընկերները չգիտեն, թե ինչ ակնկալել Փաշինյանից ամեն հաջորդ պահին։
Գործնականում կորցնելով իր դաշնակիցներին Եվրասիայում՝ Հայաստանը լիարժեք ձեռք չբերեց այդպիսիք նաև Արևմուտքում։ Ինչպես նշեցինք վերը, ամեն տեսակի հռչակագրերն ու մտադրությունների մասին համաձայնագրերը նախկինում էլ լիառատ են եղել, բայց փաստն այն է, որ այսօր փաշինյանական ապաշնորհ և, ասենք այսպես, անխոհեմ դիվանագիտության պատճառով մեր երկիրը ռազմական բախման դեպքում անվտանգության առումով չի կարող ապավինել ոչ մի երկրի. լինի դա արևմուտքում, հյուսիսում, թե այլուր։