Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԴՐՈՆՆԵՐՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԴԻՏՈՐԴՆԵՐՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Alpha News-ի հետ զրույցում Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը ներկայացրել է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը: Ըստ նրա՝ այն կոչվում է ստրատեգիական համագործակցության պայմանագիր:

 

«Դա նույն պայմանագիրն է, որի նման Միացյալ Նահանգներն ունի Աֆղանստանի, Վրաստանի հետ: Դա չօգնեց ոչ աֆղանստանցիներին, ոչ վրացիներին, որտեղ ռուսական բանակը համարյա Թիֆլիս էր մտնում: Նույն պայմանագիրը 3 եվրոպական երկիր՝ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, կնքել են Ուկրաինայի հետ: Եվ մինչ ռուսներն առաջ են գնում, անգլիացիների, ֆրանսիացիների ու գերմանացիների պաշտոնական զորքերը ներկա՞ են Ուկրաինայում: Ո՛չ»,- նշել է Արթուր Խաչիկյանը:

Նրա խոսքով՝ այդ կանոնադրության մեջ սահմաններն ամրապնդելու մասին հստակ ոչ մի խոսք չկա:

«Փաստաթղթում ինչ-որ ուսման ծրագրերի մասին կա գրված, դեմ չենք դրան, շատ լավ է: Տնտեսական աջակցության մասին է գրված: Խոսվում է նաև սահմանների ամրապնդման մասին, բայց ի՞նչ ձևով, ինչո՞վ ամրապնդել: Թուրքիան ու Ադրբեջանն իրենց սահմաններնը ամրապնդում են դրոններով ու զրահամեքենաներով, մե՞նք ինչով ենք ամրապնդելու՝ դիտորդներո՞վ, հեռախոսազանգերո՞վ, դա պետք է պարզել»,- ընդգծել է մեր զրուցակիցը:

Արթուր Խաչիկյանը մի կետ է առանձնացրել, ըստ որի՝ Հայաստանը համագործակցելու է իսլամական պետության դեմ:

«Հետաքրքիր է նաև այն, որ գրված է՝ մենք համագործակցելու ենք իսլամական պետության դեմ: Դա արվում է այն բանից հետո, երբ իսլամական պետության ղեկավարներից մեկին ԱՄՆ-ն ու Եվրոպան բերեցին իշխանության Սիրիայում: Հիմա Հայաստանը համագործակցելու է իսլամական պետության դեմ: Իսկ իսլամական պետությանը օգնում է ԱՄՆ-ը Սիրիայում: Շատ տարօրինակ է»,- ասել է Խաչիկյանը:

Քաղաքագետը նաև նկատել է, որ այդ կանոնադրությունում ոչ մի խոսք չկա ռազմական դաշինքի մասին:

«Այնտեղ բացի այս գեղեցիկ ու ոչ շատ կարևոր քայլերից, ինչ-որ բառ կա՞ ռազմական դաշինքի մասին: Ո՛չ: ԱՄՆ-ն, օրինակ, դաշնակցային պարտավորություններ ունի ՆԱՏՕ-ի երկրների հետ, հարձակումը որևէ երկրի վրա համարվում է հարձակում Միացյալ Նահանգների վրա:

ԱՄՆ-ը չունի պաշտոնական պայմանագիր Իսրայելի հետ, բայց երբ հարձակում եղավ Իսրայելի վրա, այնտեղ րոպեների ընթացքում ԱՄՆ-ի բոլոր ուժերը օգտագործեցին Իսրայելի պաշտպանության համար՝ անգամ ցեղասպանության դեպքում: ԱՄՆ-ը մեզ չի ասում՝ դուք մեր դաշնակիցն եք, ՆԱՏՕ-ի մասին խոսք չկա, ինչ-որ լուրջ սպառազինությունների մասին խոսք չկա»,- եզրափակել է Արթուր Խաչիկյանը:

Հիշեցնենք՝ հունվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնում։

Կանոնադրությունը ստորագրելուց առաջ Էնթոնի Բլինքենը հայտարարել է՝ միտված են ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունն իր համապատասխան տարածքում։

Alpha News