Լավրով․ Մոսկվան արդիական է համարում Պուտին-Փաշինյան-Ալիևի եռակողմ պայմանավորվածությունները

Մոսկվան արդիական է համարում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ պայմանավորվածությունները։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս հայտարարությունն արեց Մոսկվայում հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։

«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով` ի զարգացումն այն եռակողմ համաձայնությունների, որոնք ձեռք են բերվել 2020 և 2022 թվականներին երեք երկրների ղեկավարների կողմից», - ասաց Լավրովը։

Նրա խոսքով` այդ պայմանավորվածությունները դեռևս արդիական են, հատկապես տարածաշրջանում առկա իրավիճակի ֆոնին:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև վերջին անգամ եռակողմ բանակցություններ են տեղի ունեցել 2023 թվականի մայիսին Մոսկվայում։

Միրզոյանը Մոսկվա է մեկնել աշխատանքային այցով։ Կրեմլը երեկ հայտնել էր, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն ռուս-հայկական հարաբերությունների ամբողջ համալիրի, եվրասիական տարածքում ԵԱՏՄ և այլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության, համաշխարհային օրակարգի արդիական հարցերի շուրջ, ուշադրության կենտրոնում կլինի Հարավային Կովկասի իրավիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հավասարակշռված կարգավորման հասնելու նպատակով։

Նշենք, որ նախարարները վերջին անգամ երկկողմ հանդիպում էին անցկացրել 2023 թվականի նոյեմբերին Հյուսիսային Մակեդոնիայում ԵԱՀԿ ԱԳ նախարարական խորհրդի շրջանակում։

Sputnik Արմենիա