Լավրովը կայցելի Հայաստան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ կընդունի Երևան այցելելու հրավերը։
«Մեր նախարարությունների միջև փոխգործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտություն կա, և ես անպայման կօգտվեմ Արարատ Սամվելովիչի՝ ինձ այսօր արված հրավերից, և կայցելեմ Երևան», — ասել է Լավրովը:
Նա հայտնել է, որ Հայաստանի արտգործնախարարի հետ բանակցություններում ընդգծել է Ռուսաստանի հավատարմությունը պայմանավորվածություններին, այդ թվում՝ ռազմական ոլորտում: «Մենք անկեղծորեն քննարկել ենք, ինչպես արդեն ասացի, մեր հարաբերությունների գրեթե ողջ սպեկտրը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր, և մի շարք հարցերի շուրջ մեզ հաջողվել է հասնել փոխընդունելի հանգուցալուծումների»,- նշել է ՌԴ արտգործնախարարը:
Լավրովը նաև ընդգծել է, որ Մոսկվան հաստատել է Երևանին և Բաքվին հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի հարցում օգնելու պատրաստակամությունը: «Խոսեցինք տարածաշրջանային գործերի մասին, ներառյալ հայ-ադրբեջանական կարգավորման հարցերը, հաստատեցինք մեր անփոփոխ պատրաստակամությունն՝ օգնելու Երևանին և Բաքվին, եթե նրանք շահագրգռված լինեն այդ կարգավորման բոլոր ուղղություններով, ներառյալ աջակցությունը խաղաղության պայմանագրի դրույթների մշակմանը, սահմանազատմանը, սահմանագծմանը և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, և, իհարկե, հումանիտար հարցերում», — հավելել է նախարարը:
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել է հյուպատոսական ներկայության ընդլայնումը, որը բխում է երկու երկրների շահերից: Ըստ Լավրովի՝ մշակվում է նաև ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան։
«Մշակում ենք Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան և ակնկալում ենք, որ այդ այցին մենք կկարողանանք, ինչպես այսօր քննարկեցինք, գումարել ռուս-հայկական միջտարածաշրջանային տասներորդ համաժողովը», — ասել է նա:
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ Ռուսաստանն ուրախ կլինի տեսնել Հայաստանի ղեկավարությանը Մոսկվայում Հաղթանակի 80-ամյակին նվիրված մայիսյան տոնակատարություններին:
Alpha News