Լավրով․ Հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Ռուսաստանը որևէ մեկի կողմից չէ

Ռուսաստանը միակողմանի դիրքորոշում չի որդեգրել հայ-ադրբեջանական խնդրի համատեքստում։ Այս մասին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նախարարը չհամաձայնեց հայ լրագրողի այն դիտարկման հետ, որ հայ–ադրբեջանական խնդրի կոնտեքստում հաճախ Ռուսաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները համընկնում են։

«Մենք զբաղվում ենք այն հարցերով, որոնք արդիական են, ինչպես նաև Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմամբ` ելնելով մեր խորը շահագրգռվածությունից, որպեսզի մեր եղբայրական ազգերն ապրեն խաղաղության և բարիդրացիության մեջ»,– հավելեց նա։

Լավրովի խոսքով` Ռուսաստանը հետաքրքրված է այդ հարաբերությունների կարգավորման հարցում` ի տարբերություն այն երկրների, որոնք Հարավային Կովկասից շատ հեռու են գտնվում ու առաջ են տանում լարվածության պահպանմանն ուղղված օրակարգ։

ՌԴ ԱԳ նախարարը վստահեցրեց` Մոսկվան առաջնորդվում է այն պայմանավորվածություններով, որոնք Երևանի և Բաքվի համաձայնությամբ ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով։

Ռուսաստանն այս գործընթացին մասնակցում է այնքանով, որքանով այդ մասնակցությունը պահանջված է Երևանի և Բաքվի կողմից. ո՛չ ավել, ո՛չ պակաս։

Sputnik Արմենիա