Իսրայելի բանակի ԳՇ պետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Գերցի Հալևին հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել՝ ընդունելով 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինցի արմատականների հարձակումը հետ մղելու ընթացքում զինվորականների անհաջողության պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացին այսօր տեղեկացրել եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես ընդունում եմ հոկտեմբերի 7-ին Իսրայելի պաշտպանության բանակի ձախողման պատասխանատվությունը, միաժամանակ այն, որ Իսրայելի պաշտպանության բանակը զգալի ձեռքբերումների է հասել, և սկսվել է Գազայի հատվածում գտնվող մեր պատանդներին ազատ արձակելու մասին համաձայնագրի իրականացման գործընթացը` խնդրում եմ 2025 թվականի մարտի 6-ից ինձ ազատել պաշտոնից», - ասված Է Հալևիի պաշտոնական հայտարարության մեջ, որի տեքստը հրապարակել է բանակի մամուլի ծառայությունը:

Գլխավոր շտաբի պետը հստակեցրել է, որ մինչև պաշտոնաթող լինելը մնացած ժամանակահատվածում կենտրոնանալու է 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման հանգամանքների քննության վրա։

«Մինչ այդ կավարտեմ հոկտեմբերի 7-ի իրադարձությունների վերաբերյալ քննությունը և կամրապնդեմ բանակի պատրաստվածությունը անվտանգության մարտահրավերներին: Ես Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը որակապես և հիմնովին կփոխանցեմ իմ իրավահաջորդին։ Այս հարցով նամակ եմ հղել պաշտպանության նախարարին և վարչապետ Բենիամին Նեթանյահուին»,-հավելել է նա։

Հալևիից հետո հրաժարական է տվել Իսրայելի բանակի հարավային հրամանատարության ղեկավար, գեներալ-մայոր Յարոն Ֆինքելմանը։ Նրա հրամանատարության պատասխանատվության գոտում են գտնվում նաև Իսրայելի հարավում գտնվող Գազայի հատվածին սահմանակից շրջանները։

Sputnik Արմենիա