«Ռադիո Ջազն» այլևս չի հեռարձակվի․ ՀՌՀ-ն դադարեցրել է լիցենզիան
«Ռադիո Ջազն» այլևս չի հեռարձակվի․ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է կայացրել դադարեցնել 107ՖՄ հաճախականությամբ հեռարձակվող ռադիոկայանի լիցենզիան։ Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ պատճառը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի խախտումն է։ Մասնավորապես, հանձնաժողովն արձանագրել է, որ հունվարի 5-ի ժամը 21։30։57-ից սկսած ռադիոկայանը դադարեցրել է ռադիոհաղորդումների հեռարձակումը։
Ըստ օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի՝ լիցենզիայի գործողությունը կասեցվում է, եթե հեռարձակողն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել տեսալսողական հաղորդումների հեռարձակում։
Հանձնաժողովի հունվարի 17-ի նիստում ռադիոկայանի տնօրեն Լիլիթ Թումանյանն ասել է, որ հեռարձակումը դադարեցնելու հիմնական պատճառ ֆինանսական վիճակն է։
Հանձնաժողովը որոշում է կայացրել վարչական տույժ կիրառել և 3 օրով` հունվարի 18-20-ը, կասեցնել լիցենզիան։ Քանի որ ժամկետը լրանալուց հետո արձանագրված իրավախախտումը չի վերացվել, ռադիոկայանի լիցենզիան դադարեցվել է։
Նշենք, որ «Ռադիո Ջազը» լիցենզիա էր ստացել 2017 թվականին։
Sputnik Արմենիա