ԹԱԼԱՆԵԼ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՆԵՐՁԱԳ ՀՐԱՉՅԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ

Թալանել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներձագ, ՔՊ–ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի առանձնատունը, գրում է «Հրապարակ» թերթը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այս տարվա սկզբներին, սակայն պատգամավորը փորձում է խիստ գաղտնի պահել այն:

Նա մտերիմներին հայտնել է, որ չի ուզում հանրայնացնել ավելորդ շահարկումներից խուսափելու համար։

«Չնայած դրան, ՔՊ-ում ակտիվ քննարկում են գործընկերոջ «դժբախտությունը», ոմանք չարախնդում են, թե եթե Հրաչն իր առանձնատանը մի քիչ երկար ապրեր, չէին թալանի` ամբողջ տարին շրջագայում է, գողերն էլ օգտվել են դրանից»,–գրում է թերթը։

ՆԳՆ-ից թերթի հարցմանն ի պատասխան հայտնել են, թե հունվարի 14-ին ահազանգ են ստացել, որ կողոպուտի դեպք է գրանցվել Ձորաղբյուրի առանձնատներից մեկում, նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե։

Հավելենք, որ Հակոբյանն այդ առանձնատունը ձեռք է բերել իշխանափոխությունից հետո:

Sputnik Արմենիա