Հարցման ենթարկվածների 85 տոկոսը բացասաբար է վերաբերվում հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը. հարցում

Հարցվածների մոտ 85 տոկոսը բացասաբար է վերաբերվում հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացմանը։ Այս մասին հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է սոցիոլոգ Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման արդյունքները։

Նրա խոսքով՝ հանրային տրանսպորտի ուղեվճարի նոր համակարգը լիովին դրական է գնահատել հարցվածների 7,8, ավելի շուտ դրական՝ 26,1, ավելի շուտ բացասական՝ 13,5, բացասական՝ 49,5 տոկոսը։ «Սա նշանակում է, որ մոտավորապես 64 տոկոսն այս փոփոխությունն անվանել է բացասական»,- ավելացրել է փորձագետը։

Նրա խոսքով՝ հարցման ենթարկվածների 10 տոկոսը Երևանում անցած տարվա փոփոխություններն անվանել է միանգամայն դրական, 38 տոկոսը՝ ավելի շուտ դրական, ավելի քան 20 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 29.8 տոկոսը՝ ամբողջովին բացասական։ «Միևնույն ժամանակ, 2023թ. հարցվածների 17,8 տոկոսը փոփոխություններն անվանել էր լիովին դրական»,- նշել է նա։

Նավասարդյանն ընդգծել է, որ հարցվածների 32.2 տոկոսը ամենալուրջ խնդիր է համարել հանրային տրանսպորտի հետ կապված իրավիճակը, իսկ հարցվածների 30.6 տոկոսը նոր խնդիր նշել է ուղեվարձի թանկացումը։ «Հարցվածների 20.7 տոկոսը հիմնական խնդիր նշել է ճանապարհների որակը, այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է։ Հարցվածների 21,5 տոկոսը ամենալուրջ խնդիր նշել է շրջակա միջավայրը։ Քաղաքացիների ավելի քան 80 տոկոսն ասել է, որ 2024թ. Երևանում խցանումներն ավելացել են, և միայն 2 տոկոսն է ասել, որ դրանք նվազել են։ Մնացածն ասել են, որ 2023թ. համեմատ այս առումով փոփոխություններ չեն եղել»,- եզրափակել է նա։

643 հարցվածների հեռախոսային հարցումն անցկացվել է 2025թ. հունվարի 9-14-ին։

News.am