Երևանի ավագանու նիստում տրանսպորտային նոր փաթեթներ կառաջարկվեն

Երևանի ավագանու` փետրվարի 11-ին կայանալիք նիստում տրանսպորտային նոր փաթեթներ կառաջարկվեն։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա ֆեյսբուքյան էջում ներկայացրել է առաջարկվող փոփոխությունները`

- 10 ուղևորություն – 2000 դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր` ներկայիս 2200 դրամի և 30 օրվա փոխարեն։

- 300 դրամ՝ օգտագործման ժամկետը 180 րոպե` ներկայիս 90 րոպեի փոխարեն։

- 1 օր – 900 դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ` ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։

- 7 օր – 5000 դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ` ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։

Ավինյանը հիշեցրել է, որ հունվարի 1-ից գործում են նաև հետևյալ փաթեթները՝

- 30 օր – 9000 դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ,

- 90 օր – 24000 դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ,

- 365 օր – 90000 դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ։

Ըստ Ավինյանի` Երևանի ավագանու նույն նիստի ընթացքում կհայտարարվի նաև այլ փոփոխությունների և լրացումների մասին, որոնք համակարգը երևանցիների համար ավելի հարմարավետ և արդյունավետ կդարձնեն։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից բոլոր ավտոբուսներում կապարակնքված են մետաղադրամ ընդունող սարքերը, ամբողջական անցում է կատարվել էլեկտրոնային վճարման համակարգի։

Տրանսպորտի ուղեվարձը հնարավոր է վճարել «Telcell» ընկերության տեղադրած վալիդատորների, վճարային սարքերի միջոցով. քաղաքացին գնում է կտրոնը և դրա դիմաց ստանում QR կոդ։ Հնարավոր է վճարել նաև բանկային քարտերի միջոցով։

Դեռ նախորդ տարվանից բազմաթիվ քաղաքացիներ խնդիրների առաջ են կանգնում. հաճախ վճարային սարքերն անվավեր կտրոններ են տրամադրում կամ գումարը «կուլ են տալիս», բայց կտրոն չեն տալիս, իսկ բանկային քարտերով երբեմն վճարել չի լինում։ Խնդիրներ լինում են նաև վալիդատորների հետ. դրանք հաճախ ուղղակի չեն աշխատում։

Հիշեցնենք նաև, որ Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի նոր սակագներ կգործեն փետրվարի 1-ից։ Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում է 8 տեսակի ուղետոմս։

Sputnik Արմենիա