ԴԱՏՈՒՄ ԵՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻՆ

Սյունիքում դատարանը մեղավոր է ճանաչել գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին: 2022թ. սեպտեմբերին Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարին մեղադրանք էր ներկայացվել 550-րդ հոդվածով (3-րդ մաս), որը պատասխանատվություն է նախատեսում ռազմական դրության և պատերազմի պայմաններում սեփական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար:

Մեղադրանքի մանրամասները հրապարակվել են բազմիցս, ուստի այսօր ճիշտ ժամանակն է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Հարությունյանի դեմ մեղադրանքների առաջադրումից հաշված օրեր առաջ՝ օգոստոսի 30-ին, հայտնի դարձավ հրամանատարի պաշտոնում նրան հաջորդած գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ մեղադրանքների մասին։ Հիշեցնեմ, որ Արզումանյանը Պաշտպանության բանակի հրամանատարի լիազորությունները ստանձնել էր Հարությունյանի ծանր վիրավորվելուց հետո։

Մեղադրանքների առաջադրումից մինչև Արցախի շրջափակում (2022 թվականի դեկտեմբերի 12) մնում էին հաշված ամիսներ

Հարությունյանի մեքենայի գնդակոծման վերաբերյալ առ այսօր շրջանառվում են բազմաթիվ ենթադրություններ ու կասկածներ։ Պատերազմի ավարտից ավելի քան 4 տարի անց խոսվում է այն մասին, որ մեքենայի գտնվելու վայրի կոորդինատները հայտնի են եղել միայն նեղ շրջանակի մարդկանց։ Մեքենային հարվածել են նշանառությամբ, Հարությունյանը հրաշքով է ողջ մնացել։ Մինչ օրս շատերը հարց են տալիս. ինչո՞ւ են ադրբեջանցիները նշանառությամբ հարվածել հրամանատարի մեքենային, սակայն ոչ մի անգամ չեն ռմբակոծել, օրինակ, Արցախի Հանրապետության նախագահի նստավայրը։

Նույն կերպ ոչնչացվեց այն մեքենան, որով առաջնագիծ էին մեկնում Արցախյան առաջին ազատամարտի ժամանակներից հայտնի «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանն ու նրա որդին՝ Դավիթը: Ռուստամն իր հինգ մատի պես գիտեր այն տարածքը, որով վարում էր մեքենան։

Նրա եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը (ներկայումս որպես մեղադրյալ է անցնում իշխանության զինված զավթման կազմակերպման շինծու գործով) բազմիցս կրկնել է, որ Ռուստամի մեքենան դիտավորյալ են ռմբակոծել։ Ադրբեջանցիները շատ լավ գիտեին Ռուստամին ու իր ջոկատին, ուստի գնդակոծման նպատակը հրամանատարի սպանությունն էր, որը հաշված օրեր անց մահացավ զինվորական հոսպիտալում: Որդին զոհվեց տեղում։

Սակայն վերադառնանք 2022-ի դեպքերին։ Հրամանատարներին ներկայացված մեղադրանքներն արժանահավատ չեն թվում, ինչպեսև Հարությունյանի նկատմամբ դատարանի վերջերս կայացրած որոշումը։

Երկու գեներալներին առաջադրված մեղադրանքները սերտորեն միահյուսված էին։ Մինչ Հարությունյանի դատավճռի կայացումը մենք փորձում էինք այդ թեման չշոշափել՝ օգտագործելով ոչ միայն խոսելու, այլև լռելու ազատության մեր իրավունքը։

Քննության անաչառության վերաբերյալ կասկածները հիմնականում կապված են հրամանատարի պաշտոնում ընդամենը 12 օր անցկացրած Արզումանյանին ներկայացված մեղադրանքների շուրջ իրադարձությունների հետ: Ի սկզբանե ներկայացված մեղադրանքը հետագայում լրացվեց 549-րդ հոդվածով նախատեսված դրվագով (3-րդ մաս): Առաջինը, հիշեցնեմ, վերաբերում էր հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 9-ը Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպմանը։ Հետո «վերևում» գլխի ընկան, որ հարավային ուղղությամբ գործողության ձախողման համար միայն մեկ մարդու մեղադրելն անհեթեթ է, և որոշեցին Արզումանյանին մեղսագրել 2020 թվականի սեպտեմբերի 28-29-ի իրադարձությունները։ Խոսքը Մատաղիսից դեպի «Եղնիկներ» զորամաս ընկած հատվածում գտնվող Արեգա բարձունքի գրոհի մասին է։

Գրոհի ժամանակ հակառակորդը մեծ կորուստներ է կրել, արդյունքում բարձունքը վերցվել է, սակայն Արզումանյանը, քննության վարկածով, հրամայել է թողնել բարձունքն այն պատրվակով, թե այդ հատվածում այլ գործողություն է ծրագրված: Արզումանյանն իր մեղքը ժխտում է, նրա ցուցմունքների օգտին է խոսում այն փաստը, որ նա այդ ժամանակ հրամանատար չէր, ուստի չէր կարող նահանջի հրաման տալ, քանզի նման հրաման կարող էր տալ միայն հրամանատարը, որն այդ ժամանակ Ջալալ Հարությունյանն էր:

Արզումանյանի անմեղությունը հաստատեց ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ մատնանշելով, որ սեպտեմբերի 29-ին այն ժամանակ դեռ գեներալ-մայոր Արզումանյանը զբաղեցնում էր ԳՇ հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնը, հետևաբար՝ որևէ լիազորություն չուներ նահանջի հրաման տալու։ Այն հարցին, թե կարո՞ղ էր արդյոք Արզումանյանը տալ հրաման, որի մասին Պաշտպանության բանակի հրամանատար Հարությունյանը չիմանար, Հակոբյանը պատասխանեց, որ դա անհնար է: Արեգա բարձունքի գործողությունից հետո Արզումանյանը գեներալ-լեյտենանտի ուսադիրներ ստացավ և նշանակվեց հրամանատարի պաշտոնում: Եթե մինչ այդ նրան կասկածեին մարտական գործողության ձախողման մեջ, ապա դժվար թե առաջարկեին Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը...

Տվյալ դրվագով ներկայացված մեղադրանքը Արզումանյանի վրայից հանվեց։ Դրանում մեծապես դեր խաղացին ԶԼՄ-ների հրապարակումները։ Ի դեպ, այդ դրվագից հետո գործի այլ մանրամասներին ծանոթանալու լրատվամիջոցների հնարավորությունը կտրուկ կասեցվեց. լրագրողները դրանում մեղադրում էին Արզումանյանի փաստաբաններին, իսկ խորհրդարանի ամբիոնից Փաշինյանի հայտնի ելույթը հաստատեց մեղադրանքի պատվիրված բնույթը՝ 44-օրյա պատերազմում կրած պարտության մեղքը հրամանատարների վրա բարդելու փորձի լույսի ներքո։ Ռեժիմի պարագլուխը, հիշեցնեմ, երկրի ամենաբարձր ամբիոնից հայտարարեց, թե 44-օրյա պատերազմի ընթացքում որոշ հրամանատարներ կատարել են ոչ թե իր, այլ «ուրիշ ԳՇ-ի հրամանները» (ենթադրվում էր ՌԴ ԳՇ-ն)։

Մենք ամենևին չենք ձգտում ներկայացնել նախկին հրամանատարներին շահեկան լույսի ներքո, մեր խնդիրն է մատնանշել, որ նրանց ներկայացված մեղադրանքները հիմնավոր կասկածների տեղիք են տալիս։ Հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, Փաշինյանի գաղտնի հրահանգով, Շուշիի պաշտպանության ձախողման համար փորձում էին մեղադրել ԱԱԾ նախկին ղեկավար, գեներալ Արթուր Վանեցյանին և նրա «Հայրենիք» ջոկատը, սակայն քննությունը չհաստատեց բերդաքաղաքի անկմանը հանգեցրած դասալքության մեղադրանքը։ Այն պայմաններում, երբ արդարադատության համակարգն անմիջական կախման մեջ է իշխող վերնաշերտի պարագլխի հրահանգներից, մենք իրավունք ենք վերապահում մեզ կասկածի տակ առնելու ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունն ու Հարությունյանի նկատմամբ կայացված դատավճռի արդարացիությունը: Մենք արդեն տեսել ենք լուսահոգի Մանվել Գրիգորյանի և բարեբախտաբար ողջ մնացած Յուրի ու Գրիգորի Խաչատուրովների, Սեյրան Օհանյանի և այլոց օրինակով, թե ինչպես և ինչի համար են մեր երկրում դատում մարտական գեներալներին

Ավելի վաղ բազմիցս տեղեկացրել ենք, որ Հարությունյանի գործով բոլոր կողմերը դեմ են հանդես եկել Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում դատական նիստերի անցկացմանը: Դատավոր Գարիկ Աբելյանը ամեն ջանք գործադրեց, որպեսզի գործը չուղարկի Երևան: Բնականաբար, որոշումը պատկանում էր Փաշինյանին, որը չէր ցանկանում, որ գործը հայտնվի մայրաքաղաքում, քանի որ այդ դեպքում արձագանքը շատ ավելի մեծ կլիներ և, հնարավոր է, 2020թ. հոկտեմբերի 12-ի դեպքերի մասին այլ դրվագներով էլ հայտնի կդառնային ավելի մեծ թվով մանրամասներ, քան հայտնի են այսօր:

Այն փաստը, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատարների մեղադրանքներով երկու դատավարություններն էլ ընթանում են փակ ռեժիմով, հուշում է, որ Փաշինյանը թաքցնելու բան ունի: Իշխանությունը՝ հանձին նրա, ցանկանում է արագացված ռեժիմով շրջել 44-օրյա պատերազմի էջը մինչև առաջիկա խորհրդարանական ընտրություններ։ Հիշեցնեմ, որ ի թիվս Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ութ ներկայացուցիչների, ներկայումս ադրբեջանական գերության մեջ դատավարության են սպասում Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը և հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանը