ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՄԻՆԵՐԸ

Արարատ Միրզոյանը Մոսկվայում ասաց, թե իր ներկայիս այցը պատրաստվել է երեք ամիս շարունակ, սակայն հետաձգվել է տեխնիկական պատճառներով: Կարծում ենք՝ «տեխնիկական պատճառների» շարքում փոքր դեր չեն խաղացել նաև ընտրություններն Ամերիկայում։ Սկզբում Երևանը սպասում էր՝ փափագելով դեմոկրատների հաղթանակը, իսկ հետո՝ երկար կողմնորոշվում, թե ինչ դիրք ընդունի նոր վարչակազմի օրոք։ Արդյունքում եկան այն եզրակացության, որ ժամանակն է հիշել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի մասին՝ ոչ միայն տնտեսական ոլորտում։

Երեվանում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարություններից հետո Արարատ Միրզոյանն էլ Մոսկվայում սկսեց խոսել երկկողմ սերտ հարաբերությունների, երկկողմ պայմանավորվածությունների մասին, այդ թվում՝ ռազմական ոլորտում, ինչը հաստատեց նաև Սերգեյ Լավրովը:

Իսկ «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի ընդունումը Միրզոյանը հիմնավորեց շատ պարզ. քաղաքացիական հասարակության որոշ կառույցներ անհրաժեշտ թվով ստորագրություններ են հավաքել, կառավարությունը չէր կարող հավանություն չտալ, խորհրդարանական մեծամասնությունն էլ կհաստատի և ... Եվ այդքանով կավարտվի։ Չէ, այդքան ուղղակի չասաց Միրզոյանը, իհարկե, բայց իր ողջ տեսքով հենց դա էր հասկացնել տալիս։

Հիշեցնենք, որ այս թեմայով կառավարության նիստերից մեկի ժամանակ, ինչպեսև ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո, խոսեց նաև Նիկոլ Փաշինյանը: Նշեց, որ կառավարության կողմից օրինագծի հաստատումից և խորհրդարանի կողմից դրա ընդունումից հետո անհրաժեշտ կլինի ԵՄ-ի հետ համատեղ սկսել աշխատանքը «ճանապարհային քարտեզի» վրա, և արդեն այդ ժամանակ ի հայտ կգան ԵԱՏՄ-ի հետ համատեղելիության հարցերը և այլն։ Այսինքն կլինի երկար գործընթաց՝ բազմաթիվ անհայտներով ու անորոշություններով... Եվ դա, ինչպես ընդունված է ասել՝ մեր «մրրկային ժամանակներում»։

Հատկանշական է, որ Լավրովի և Միրզոյանի բանակցությունները, որոնց արդյունքում կարելի է ենթադրել Երևանի կամավոր-հարկադիր շրջադարձ դեպի Մոսկվա, հաջորդեցին ռուս-իրանական բանակցություններին, որոնք ավարտվեցին մի շարք երկկողմ համաձայնագրերի ստորագրմամբ:

Իրադրությունը պարզ է: Բայդենի աշխատակազմը խղճի ինչ-որ խայթ էր զգում այն բանի համար, թե ինչպես «քցեց» Երևանի իշխող թիմին նախ Ղարաբաղի հարցում նշաձողն իջեցնելու իր հորդորներով, ապա Արցախի դեմ ագրեսիա չհանդուրժելու խոստումներով։ Դա թույլ էր տալիս Փաշինյանին հուսալ, թե Քամալա Հարիսի հաղթանակի դեպքում հնարավոր կլինի Վաշինգտոնից ակնկալել ինչ-որ նոր արտոնություններ, թեկուզ ֆինանսական աջակցության տեսքով։ Այստեղից էլ այն «դադարը» հայ-ռուսական հարաբերություններում, որի մասին հիշատակեց Լավրովը. Երևանում վայելում էին Արցախի հանձնման ֆինանսական շահաբաժինները, ակնկալում նոր ընծաներ։

Բայց եթե Բլինքենն ու ընկերախումբը ինչ-որ չափով գիտակցում էին իրենց մեղքը հայկական Արցախի ողբերգության հարցում, պատասխանատվությունը կատարվածի համար, ապա Թրամփից պահանջելու ոչինչ չկա: Նրա թիմը Երևանի առջև ոչ մի բարոյական պատասխանատվություն չի կրում, Բայդեն-Բլինքենի խոստումների համար պատասխանատու չէ, հանուն Փաշինյանի ճիգուջանք թափել պրագմատիկ Թրամփը մտադիր չէ։ Մանավանդ որ Երևանը առաջարկելու բան էլ Թրամփին, ըստ էության, չունի։ Եթե, իհարկե, Փաշինյանը մտադիր չէ Թրամփին մատուցել Հայաստանը որպես ԱՄՆ 52-րդ կամ 53-րդ նահանգ։ Կանադայից ու Գրենլանդիայից հետո:

Կարելի է հուսալ, որ Երևանում կա որոշակի ըմբռնում, որ անկախ նրանից՝ դուր է գալիս դա իշխող թիմին, թե դուր չի գալիս, բայց Հայաստանի, հետևաբար նաև սեփական իշխանության անվտանգության ապահովման հարցում իրական աջակցություն պետք է փնտրել ոչ թե Բրյուսելում կամ Վաշինգտոնում, այլ Մոսկվայում ու Թեհրանում։ Վերադառնալ բնական ակունքներին, որքան էլ ըմբոստանա իշխող թիմի և նամանավանդ վերջին ժամանակներս գործող իշխանությանը հանկարծ քննադատել սկսած «արևմտամետ» կոչեցյալների ողորմելի հոգին…

Ի դեպ, կարծում ենք, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների որոշակի պաղումը նույնպես կապված է ոչ միայն ադրբեջանական օդանավի աղետի, այլև տարածաշրջանային սքողված գործընթացների հետ։ Ըստ երևույթին, Իլհամ Ալիևը հասկանում է, որ դժվար թե կարող է նոր ագրեսիա ձեռնարկել, պետք է բավարարվի նրանով, ինչ արդեն ստացել է Հայաստանի իշխող թիմից և ինչը վերջինս դեռ պատրաստ է զիջել իրեն հոժարակամ։

Լավրովի և Միրզոյանի բանակցությունների լույսի ներքո կարելի է նաև նոր ազդակ ակնկալել Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբեր ուղղություններով հումանիտար համագործակցության զարգացման հարցում: Չի կարելի չնշել, որ այդ առումով վերջերս շատ բան է արվել Ռուսաստանի դեսպանության, «Եվրասիա» հիմնադրամի, «Ռուսական տան» կողմից։ Դա անզեն աչքով նկատելի է վերջին շրջանում Երևանում անցկացված, այդ թվում՝ միջազգային բնույթի միջոցառումների քանակից։ Վերջիններիս շարքից նշենք «Ռուսական տան» հովանու ներքո անցկացված տարբեր երկրների պուշկինագետների խորհրդաժողովը, ռուսագետ առաջատար ուսուցիչների մրցույթը և հանդիսավոր միջոցառում-պարգևատրումը:

Մոսկվայում Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների բանակցություններում նշվել է նման համագործակցության խորացման անհրաժեշտությունը, թեև դա նյարդայնացնում է մեր «արևմտամետներին»։ Եվ ինչին, դատելով ամենից, դեռ այնքան էլ պատրաստ չեն իներցիոն մտածողությամբ ախտահարված կառավարական որոշ կառույցներ, որոնք դեռ չեն հասկացել, թե ինչու և ուր են փչում սպասվող փոփոխությունների նոր քամիները։

Հ.Գ. - Դավոսում կայացել է Վլադիմիր Զելենսկու և Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը: Քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի միջև կապերը քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում, ինչպես նաև համագործակցությունը էներգետիկայի ոլորտում և տարածաշրջանային անվտանգության հարցեր: