Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը հետաքրքիր է համարել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկը
Առաջարկը (Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ մտցնել-խմբ.) հետաքրքիր է։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի Ռիկսդագի (Խորհրդարանի) փոխխոսնակ Քենեթ Ֆորսլունդը հունվարի 23-ին Երևանում Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Ես այս հարցը կներկայացնեմ Շվեդիայի իմ գործընկերներին։ Սակայն, պատժամիջոցները կնշանակեն, որ ԵՄ-ի ներսում միաձայն որոշում է կայացվել, և ես լիովին ծանոթ չեմ ԵՄ մյուս երկրների դիրքորոշմանը»,- հավելել է նա։
Ֆորսլունդը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար հիմք պետք է լինի դիվանագիտությունը։
Նրա գնահատմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքները ազդեցություն կունենան այն բանի վրա, ինչպես կլուծվեն այլ հակամարտություններն ապագայում:
«Շատ կարևոր է, որ Ուկրաինան հաղթի և հետ ստանա իր տարածքները։ Եթե Ուկրաինան պարտվի այս հարցում, դա ազդանշան կլինի այլ պատերազմների մասնակիցների համար։ Սա շատ վտանգավոր է», - ավելացրեց նա:
News.am