ԱՄՆ-ի հատուկ թիմի այցը քննարկվե՞լ է Իրանի հետ. ՀՀ փոխարտգործնախարարի պատասխանը

Հայաստանն Իրանի հետ քննարկում է բոլորը հարցերը։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը օրերս հայտարարեց, որ առաջիկայում սահմանային անվտանգության հատուկ թիմ է այցելելու Հայաստան՝ աշխատելու հայ գործընկերների հետ սահմանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Մենք փոխնախարարից հետաքրքրվեցինք, թե որքանով է դա առնչվում Իրանին, և արդյոք իրանցի գործընկերների հետ քննարկվել է այդ հարցը։

«Մենք քննարկում ենք իրանցի գործընկերների հետ բոլոր հարցերը, բայց այս հարցը վերաբերում է մեր սահմանային հսկողության արդյունավետության բարձրացմանը, ոչ թե այս կամ այն երկրի հետ որևէ հատուկ զգայուն ասպեկտների։ Մեր հարաբերությունները աննախադեպ բարձր մակարդակի վրա են, և դրա վկայությունը վերջին շրջանում այցերն են ու պաշտոնյանների հայտարարությունները»,– ասաց Հովհաննիսյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին` արդյոք սա նշանակո՞ւմ է, որ այս համագործակցության արդյունքում հայ-թուրքական ու հայ-իրանական սահմաններից դուրս կգան ՌԴ սահմանապահները։

«Պետք է վերջապես ինքներս վերահսկենք մեր սահմանը։ Իհարկե, իդեալական աշխարհում ամեն երկիր պետք է ի վիճակի լինի վերահսկել իր սահմանը։ Այդ աջակցությունը գտնվում է մեր կարողությունների բարձրացմանը, համապատասխան փորձառության կիսմանը»,– պատասխանեց նա։

Հիշեցնենք` հունվարի 14–ին Վաշինգտոնում Հայաստանն ու ԱՄՆ–ն ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն ստորագրեցին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ստորագրումը, հայտարարեց, որ դա Երևանի ինքնիշխան որոշումն է, բայց Ռուսաստանն իր հերթին կարևորում է հարաբերությունները Հայաստանի հետ և շարունակելու է զարգացնել դրանք։ Միևնույն ժամանակ Կրեմլի ներկայացուցիչը նշեց, որ ԱՄՆ-ն երբեք կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում։