Կարեն Հակոբյանի կալանքը երկաձգվել է ևս 2 ամսով. պաշտպանական խումբ
2024 թ. սեպտեմբերին կալանավորված Կարեն Հակոբյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ։
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի որոշմամբ «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի կալանքը երկաձգվել է ևս 2 ամսով։ Այս մասին տեղեկացնում է Հակոբյանի պաշտպանական խումբը։
«Վահե Դոլմազյանն իր կայացրած դատական ակտով որևէ կերպ չի պատճառաբանել ո՛չ կալանքի երկարաձգման անհրաժեշտությունը և ոչ էլ՝ այլընտրանքային խափանման միջոցների կիրառման անհնարինությունը։ Վահե Դոլզմազյանն ընդհանրապես չի անդրադարձել շուրջ 7 ժամ տևած դատական նիստով և նախօրոք ներկայացրած գրավոր դիրքորոշմամբ պաշտպանական կողմի արտահայտած իրավական և փաստական հիմնավորումներին»,-նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել կալանքի երկարաձգման որոշման դեմ։
Հիշեցնենք, որ Կարեն Հակոբյանը ձերբակալվել է 2024 թ. սեպտեմբերի 20-ին, 3 օր անց կալանավորվել է փողերի լվացման մեղադրանքով։
Հավելենք, որ Կարեն Հակոբյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախկին նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրն է։