Հիասթափեցնող է. Վարդանյանի փաստաբանը` գերիների նկատմամբ ՀՀ իշխանության վերաբերմունքի մասին

Ադրբեջանից հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը կարծես առաջնահերթություն չէ Նիկոլ Փաշինյանի կառավարության համար, և այդ վերաբերմունքը հիասթափեցնող է։ Այս մասին The Armenian Report-ին տված հարցազրույցում ասել է Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերը։

Հայտնել ենք, որ հունվարի 22–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, թե ինչ է արել կամ անելու պաշտոնական Երևանը Բաքվում «դատվող» հայ գերիների մասով, նշել էր, որ մտահոգիչ է 16 հայ պատանդի նկատմամբ իրականացվող «դատավարությունը», բայց պետք չէ հրապարակային հայտարարություններով վնասել գործին։

«Դա հիասթափեցնող է, քանի որ Ռուբենը և մյուսները հայեր են, իսկ կառավարության գործն է` օգնել իր քաղաքացիներին, որոնք այլ երկրում հայտնվել են վատ վիճակում։ Իրականում հենց Հայաստանի կառավարությունը պետք է այլ երկրների կառավարություններին կոչ աներ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին և ռազմագերիներին։ Բայց կարծես այս հարցն առաջնահերթություն չէ նրանց համար», - ասել է Գենսերը:

Նա համոզված է, որ Հայաստանի իշխանություններն են, որ առաջին հերթին պետք է ջանքեր գործադրեն հայ գերիներին ազատելու համար։

Sputnik Արմենիա