ՌՀՄ-ն արձագանքել է Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի հայտարարություններին

Ռուսաստանի հայերի միությունն արձագանքել է Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Ըստ ՌՀՄ-ի՝ Փաշինյանի հայտարարությունները հակասում են ՀՀ Սահմանադրությանը և Քրեական օրենսգրքին, ինչպես նաև Շվեյցարիայի օրենքներին, դրանք խեղաթյուրում են պատմական փաստերը և հանդիսանում են Սփյուռքի և հայ ժողովրդի պատմության նկատմամբ ՀՀ իշխանությունների չարամիտ քաղաքականության ևս մեկ դրսևորում։

«Հայաստանի վարչապետը, որը պարտավոր էր իր երկրի օրենքներին համապատասխան հետամուտ լինել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության համակողմանի ճանաչմանը, կասկածի տակ դրեց աշխարհի տասնյակ երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից պատմականորեն ապացուցված և դատապարտված Հայոց ցեղասպանության փաստը ՝ կոչ անելով «վերանայել այս հարցը և հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու», և ինչու 1939 թվականին, նրա կարծիքով, «Ցեղասպանության օրակարգ չկար, բայց արդեն 1950 թվականին այն հայտնվեց օրակարգում»։

Փաշինյանը թուրքական նարատիվներն առաջ մղելու հարթակ է ընտրել Շվեյցարիան՝ դրանով իսկ ցուցադրելով իր արհամարհական վերաբերմունքը մի պետության նկատմամբ, որտեղ Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Հոլոքոստի ժխտումը քրեորեն հետապնդելի հանցագործություն է։

Ակնհայտ է, որ նույնիսկ իշխանության գալուց հետո հեղափոխական շանտաժի միջոցով բարձրագույն կրթության դիպլոմ ստացած Փաշինյանը, ինչպես ցանկացած հայ դպրոցական, քաջատեղյակ է, թե ինչ է տեղի ունեցել ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում, և այժմ նա այդ դիսկուրսը գցում է հանրությանը ներքաշելու իր կողմից պարտադրված ամոթալի բանավեճի մեջ, որը հանգեցնում է մեր արժեքների և ձեռքբերումների արժեզրկմանը, Հայ Առաքելական եկեղեցու կողմից սրբադասված Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակի պղծմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ վերոնշյալ հանդիպման ժամանակ Փաշինյանի՝ Սփյուռքի հասցեին հնչեցրած այլ վիրավորական արտահայտությունների մասով կհրապարակվի հատուկ հայտարարություն:

Alpha News