ՍԱ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ Է. ՕՍԿԱՆՅԱՆՆ ԱՊՇԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով փաստացի կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության փաստն ու դրա մասշտաբները, և այդ ցնցող հայտարարությունները զրկում են Հայաստանի առաջնորդի բարոյական հեղինակությունը։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Ավելի վաղ Ցյուրիխում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը կոչ էր արել ևս մեկ անգամ հասկանալ` ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու է դա տեղի ունեցել, և ինչպես է այդ ամենն ընկալվել, ինչու Հայոց ցեղասպանության հարցը 1939 թվականին չի եղել օրակարգում, իսկ 1950 թվականին հայտնվել է։
Օսկանյանի խոսքով` «պետք է հասկանալ` ինչ է տեղի ունեցել և ինչու» արտահայտությունը համահունչ է ցեղասպանության ժխտման թուրքական քարոզչությանը։
Ինչպես նշել է նախկին նախարարը, Թուրքիան երկար տարիներ առաջ է մղել կեղծ թեզը` Հայոց ցեղասպանությունն անվանելով «հայերի և թուրքերի տանջանքներ» Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։
«Փաշինյանի հայտարարությունները թուրքական սցենարի չարանենգ շարունակությունն են, դրանք կասկածի տակ են դնում տեղի ունեցած իրադարձությունները՝ պառակտում առաջացնելով հայության շրջանում Հայաստանի ներսում և դրսում», - կարծում է ԱԳՆ նախկին ղեկավարը։
Ըստ նրա`հայերին առաջարկելով հետաքննել և հասկանալ, թե ինչու է տեղի ունեցել Ցեղասպանությունը` Փաշինյանը պատասխանատվությունը գցում է զոհերի վրա։ Սա շատ նենգ մարտավարություն է և հաճախ է օգտագործվում Հայոց ցեղասպանությունը ժխտողների կողմից։
«Հայոց ցեղասպանության նշանակությունը հրապարակայնորեն նսեմացնելը թուլացնում է Հայաստանի դիրքերը արդարության համար պայքարում։ Այդ մոտեցումը խրախուսում է նրանց, ովքեր փորձում են կոծկել հանցագործության հետքերը և ոչնչացնել հայ ազգի միասնությունը»,– ընդգծել է նախկին նախարարը։
Օսկանյանը վարչապետի հայտարարությունը համարում է դավաճանություն, որի վրա աչք փակել չի կարելի։ Նման դիրքորոշում արտահայտող մարդը չի կարող ներկայացնել մի ամբողջ ժողովուրդ և լինել նրա առաջնորդը։