Սակագնի վերանայումը վերաբերում է 1 ուղևորատոմսին. փաթեթների արտոնությունները կպահպանվեն

Սակագնի վերջին վերանայումը վերաբերում է միայն 1 ուղևորատոմսին։ Եթե հունվարի 31-ի ավագանու արտահերթ նիստում որոշումն ընդունվի, փետրվարի 1-ից մեկ ուղևորատոմսի արժեքը կսահմանվի 150 դրամ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքային իշխանությունները որոշել են մեկ ուղևորության արժեքը հիմա էլ 150 դրամ սահմանել` 300 դրամի փոխարեն։

Նրա խոսքով՝ 1 ուղևորատոմսի դեպքում որևէ արտոնյալ պայման, զեղչ չի գործելու։ Փետրվարի 11-ի ավագանու նիստում նախատեսվում է վերանայել նաև 10-անգամյա ուղևորության փաթեթի արժեքը՝ 2000 դրամից այն դարձնելով 1500 դրամ։ Մյուս փաթեթների արժեքները՝ 1-ամսյա, 3-ամսյա և 1 տարվա համար կպահպանվեն։ Այս փաթեթների համար կգործեն նաև արտոնյալ պայմանները հատուկ խմբերի համար։

Նրանք, ովքեր արդեն ձեռք են բերել փաթեթներ կամ դա կանեն մինչև փետրվարի 28-ը, ապա որպես բոնուս ևս մեկ ամիս կստանան։ Սա նշանակում է՝ եթե անձը ձեռք է բերել 1 ամսվա փաթեթ, ապա որպես բոնուս նրա փաթեթը կերկարացվի ևս մեկ ամսով։

Կոստանյանի խոսքով՝ սա արվում է քաղաքացիներին փաթեթներից օգտվելու դրական կողմերը ցույց տալու համար։ Ինչ վերաբերում է փաթեթների արժեքների վերանայմանը, ըստ Կոստանյանի, առայժմ նման բան չի նախատեսվում։

Sputnik Արմենիա