Խղճահարություն ու նողկանք է առաջանում այս դատական պրոցեսներից, բողոքարկելու ենք դատարանի վճիռը. Մամիկոն Ասլանյան
Ոչ թե պիտի բողոքարկենք, այլ չենք կարող չբողոքարկել. ցանկացած դեպքում էլ պիտի բողոքարկենք, որովհետև մենք, ըստ էության, մեծ հաշվով այսօրվա Հայաստանում առավելապաշտական ակնկալիքներ չունեինք: Այս մասին, այսօր՝ հունվարի 29-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Վանաձորի նախկին քաղաքապետ։ Մամիկոն Ասլանյանը, որին քիչ առաջ դատարանը դատապարտեց 4 տարի 4 ամիս ազատազրկման, որից 2 տարի 7 ամիսն նա արդեն անցկացրել է անազատության մեջ:
«Ուղղակի հաճախ նաև խղճահարություն ու նողկանք է առաջանում մարդու մոտ այս պրոցեսներին հետևելիս: Բնականաբար, քանի ներհայաստանյան դատական ատյանները չեն սպառվել, պիտի բողոքարկեն:
Ես էս երկրում արդեն այնքան բան եմ տեսել, որ ցանկացած լավ, ցանկացած վատ բան ես ակնկալում եմ, որովհետև որևէ ոչ իրավական, ոչ բարոյական, ոչ մարդկային, ոչ օրենքի տրամաբանություն չկա որևէ գործողության մեջ, որ ինչ-որ ակնկալիքներդ չափավորես կամ կյանքդ պլանավորես: Ես ամեն ինչ էլ ակնկալում եմ էի, ամեն ինչ էլ սպասում էի, ամենավատից մինչև ամենալավը: Ես իրավաբան լինելով, մի փոքր հույս էի փայփայում, այս վերջին ամիսների ընթացքում իմ ազատության մեջ հայտնվելուց հետո, նույնիսկ մի քիչ փորձել էի կարգավորել դատական նիստերի ընթացքը, որպեսզի ավելորդ քաղաքական և այլ ճնշում դատարանի վրա չլինի, որպեսզի դատավորը իրեն զգա անկաշկանդ մթնոլորտում և կարողանա իրականացնել արդարադատություն:
Բայց ինչպես տեսնում ենք, այդ նույնիսկ իմ մեծահոգության նշույլներն էլ կարողանում են ցրել»,- ընդգծեց նա:
Հարցին՝ տեսնո՞ւմ է քաղաքական ճնշում դատարանի վրա, Ասլանյանը պատասխանեց. «Ես այդ ճնշումների անունը չգիտեմ, դրա անունն ինչ է, բայց տեսնում եմ, որ դատավորը կաշկանդվածություն ուներ, նրա հուզական վիճակից էլ էր երևում, և դատական քննության որևէ փուլում որևէ ապացույց, որևէ մատնանշում, որևէ նույնիսկ ակնարկ չի եղել մեղավորության հետ կապված: Որևէ վկայություն, որևէ փաստաթղթային ինչ-որ բան չի եղել, որով կարելի էր մեղավոր ճանաչել»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am