Սիրիայում լուծարվել են անվտանգության բոլոր գերատեսչությունները, նոր նախագահ է նշանակվել
Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարաան հռչակվել է Սիրիայի նախագահ՝ երկրում անցումային շրջանի ընթացքում: Այս մասին, ինչպես հաղորդում են սիրիական լրատվամիջոցները, հայտարարել է ռազմական գործողությունների հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Հասան Աբդ ալ Ղանին։
«Մենք հայտարարում ենք Ահմադ ալ-Շարաային անցումային շրջանում երկրի նախագահ նշանակելու մասին։ Նա կկատարի Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի պարտականությունները և կներկայացնի այն միջազգային միջոցառումների ժամանակ»,-ասվում է ալ Ղանիի հայտարարության մեջ։
Բացի այդ, որոշում է կայացվել բոլոր ուժային գերատեսչությունները լուծարելու և նոր ուժային կառույց ձևավորելու մասին։
«Մենք հայտարարում ենք տապալված ռեժիմի բանակը ցրելու և սիրիական բանակը ազգային հիմունքներով վերականգնելու մասին։ Հայտարարում ենք տապալված ռեժիմի կողմից ստեղծված անվտանգության բոլոր ծառայությունների լուծարման մասին՝ բոլոր ստորաբաժանումներով և անվանումներով, և նրա կողմից ստեղծված բոլոր զինված կազմավորումների լուծարման մասին։ Հայտարարում ենք անվտանգության նոր ծառայության ձևավորման մասին»,- նշված է հայտարարության մեջ։
Բացի այդ, Սիրիայի նոր իշխանությունները որոշում են կայացրել չեղարկել 2012 թվականին ընդունված Սահմանադրության գործողությունը՝ իր բոլոր փոփոխություններով։
Հիշեցնենք` 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, ինչից հետո նախագահ Բաշար Ասադը պաշտոնաթող եղավ և լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը ղեկավարում էր Իդլիբ նահանգում գործող «Փրկության կառավարությունը», իրեն հայտարարեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։ Անցումային կառավարությունը գործելու է մինչև 2025 թվականի մարտի 1-ը: