ԶԵԿՈՒՅՑՈՎ ՀԱՐՎԱԾԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն լինելու, իշխանությունների այն գիտակցման վկայությունն է, որ եթե ներկա պայմաններում գնան ընտրությունների, ապա կձախողվեն։ Ինչպես վկայում են տարբեր կառույցների վերջին սոցհարցումները, Փաշինյանի նկատմամբ վստահության վարկանիշը 10%-ից քիչ ավելի է։
Այլ հարց է, որ Փաշինյանին վստահելը միամտություն է. «ազնիվ» վարչապետը բազմիցս ապացուցել է դա, և եթե ընդհանուր իրավիճակը, այդ թվում՝ արտաքին, փոխվի այնպես, որ իշխող թիմը վերընտրվելու հնարավորություն ստանա, Փաշինյանն արագ կմտափոխվի։
ՇԱՏ ԲԱՆ Է ԿԱԽՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ. ԿՈՐՈՇԻ ԱՐԴՅՈՔ ՆԱ ՍՊԱՍԵԼ 2026 թվականի ընտրություններին, թե ևս մեկ փորձ կձեռնարկի հրաժարական պարտադրելու Փաշինյանին։ Առաջին հայացքից՝ միանշանակ մոտեցում ընդդիմությունը չունի. ոմանք համարում են, որ պետք է սպասել 2026 թվականի ընտրություններին, ոմանք էլ՝ որ պետք է ոտքի հանել մարդկանց, օգտվելով ստեղծված իրավիճակից։ Այդ թվում՝ նրանից, որ իր «իմաստուն» արտաքին քաղաքականության շնորհիվ Փաշինյանն այսօր խաչաձև կրակի տակ է և՛ Արևմուտքից, և՛ Հյուսիսից։ Հաշվի առնելով ամենատարբեր գործոնները՝ կարծում ենք, որ գարնան գալուն պես բողոքի ալիք անպայման կլինի։
Ինչի՞ վրա է հույս դրել իշխանությունը։ Իշխանության հույսն այն է, որ սոցիալ-քաղաքական բողոքի սպասվող թեժացումը հնարավոր կլինի մարել Փաշինյանի կանոնավոր լայվ-փոդքասթներով, ինչպես նաև... 44-օրյա պատերազմի մասին զեկույցով, որը պատրաստել, բայց դեռևս ոչ մի կերպ չի հրապարակում Անդրանիկ Քոչարյանի գլխավորած խորհրդարանական հանձնաժողովը։ Վերջինս հայտարարեց, որ զեկույցը վերջապես կհրապարակվի այս գարնանը։
Զեկույցի հրապարակման ձգձգումը բնավ պատահական չէ։ Դա ներկայացնելու պահը իշխող թիմը կփորձի սինքրոնացնել ընդդիմության ակցիաների հետ, որպեսզի թուլացնի դրանց թափը։
Հ1-ին տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե «կատարվածի վերաբերյալ հստակ պատասխաններ են ստացվել»։ Հեշտ է կռահել, թե ինչ բնույթ են կրում իշխանությունների ձևավորած հանձնաժողովի «հստակ պատասխանները» (հիշեցնենք, որ ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին)։
Ինչպես ասում է Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի աշխատանքներին զուգահեռ՝ քննչական մարմինները զննել են հազարավոր քրեական գործեր և այդ ընթացքում բացահայտվել են կոնկրետ անձինք, բարձրաստիճան զինվորականներ, մասնավորապես՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը... Քոչարյանի խոսքերով՝ «այդ հարցերը պետք է մանրամասն ներկայացվեն ժողովրդին, և հարկ կլինի հասկանալ, թե ինչի հետ են կապված մեր բացթողումները. կառավարման, սպառազինության, բանակային կառույցների ոչ պատշաճ պատրաստվածության...»:
Ոչ մի նոր բան. իշխող կուսակցության հանձնաժողովը կրկին շրջանառության մեջ կդնի Նիկոլ Փաշինյանին արդարացնող թեզեր։ Թեզեր, որոնցով Փաշինյանը փորձում էր քողարկվել դեռևս խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի մեկնարկից առաջ։
Այսինքն, ըստ իշխող կուսակցության հանձնաժողովի զեկույցի, քաղաքացուն կրկին պինի համոզեն, թե 44-օրյա պատերազմում պարտության մեղավորը նախ հրամանատար-գեներալներն են (Տիրան Խաչատրյան և այլք)։ Երկրորդ՝ ռուսները, որոնք, իբր, անորակ սպառազինություն են մատակարարել։ Երրորդ՝ նախկին իշխանությունները, որոնց օրոք, իբր, պատշաճ ուշադրություն չի հատկացվել զինված ուժերի զարգացմանը։
Դե, և ինչպես հեշտ է կռահել, հանձնաժողովի գլխավոր եզրակացությունն այն է լինելու, թե Նիկոլ Վովայի Փաշինյանը, նույն ինքը՝ գերագույն գլխավոր հրամանատարը, ոչ մի բանում մեղավոր չէ։ Բացարձակապես ոչ մի բանում: