Թրամփը հաստատել է, որ Վաշինգտոնում ավիավթարի հետևանքով ՌԴ քաղաքացիներ են մահացել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել Վաշինգտոնում ավիավթարի հետևանքով ռուսաստանցիների մահվան կապակցությամբ:

«Ինքնաթիռում մի խումբ ռուսաստանցիներ են եղել։ Շատ տաղանդավոր մարդիկ։ Շատ ցավալի է», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։

Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն մահացածների հարցով կապի մեջ է Ռուսաստանի հետ:

Թրամփը հավելել է` ավիավթարի պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն իշխանությունները ամեն ինչ կանեն ողբերգության բոլոր հանգամանքները պարզելու համար:

Ավելի վաղ ամերիկյան Բոստոն քաղաքի մարզական ակումբի տնօրեն Դուգ Զեգիբեն հայտարարել էր, որ Վաշինգտոնի երկնքում ավիավթարի զոհ են դարձել գեղասահորդներ, ինչպես նաև երկու մարզիչներ ՝ գեղասահքի 1994 թվականի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը:

Հիշեցնենք` ուղևորատար «Bombardier CRJ700» ինքնաթիռը բախվել է «Sikorsky H-60» ռազմական ուղղաթիռին, ինչի հետևանքով և՛ ինքնաթիռը, և՛ ուղղաթիռն ընկել են Պոտոմակ գետը։ Օդանավում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։ Ուղղաթիռում եղել են անձնակազմի երեք անդամներ։

Sputnik Արմենիա