ԱՀԱ ՄԵՂՐԻՆ ԷԼ ՊԱՅԹԵՑ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ. ԵՎ Ի՞ՆՉ

Ասել, թե Ֆեյսբուքի առանց այն էլ շիկացած հայկական հատվածը երեկ երեկոյան պայթեց ու փոթորկվեց, նշանակում է՝ ոչինչ չասել։ Վերջին օրերի աղմկահարույց բոլոր թեմաների՝ Բաքվում հայերի դեմ դատաստանի, տրանսպորտի թանկացման, եկամուտների հայտարարագրի, Շվեյցարիայում Նիկոլի հայտարարության և այլնի շարունակական քննարկման խորապատկերին համացանցում հայտնվեց տեսանյութ, որում մի խումբ մարդիկ Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգ են երգում «Գարաբաղի» մասին:

Կադրերը տարածել է Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնը։ «Ի՞նչ է կատարվում Հայաստանում, ժողովուրդ։ Ինչի՞ են վերածել մեր երկիրն իշխանության ղեկին գտնվող այս ծախու տականքները։ Ո՞ւր է մեր քաջարի ոստիկանությունը: Թե՞ նա կարող է միայն Եռաբլուրում ծեծել մեր զոհված զինվորների մայրերին»,- ասվում է տեսանյութի մեկնաբանության մեջ: Զայրացած օգտատերերը նույն հարցն են տալիս՝ դիմելով ոստիկանությանը, ԱԱԾ-ին, ԱԳՆ-ին… Ավելորդ է նշել, որ տեսանյութի հայտնվելուց առնվազն 5 ժամ անց (մոտավորապես 21.30-22.00) որևէ պաշտոնական հայտարարություն և բացատրություն չի հնչել։

Փորձենք դիտարկել պատկերը ֆեյսբուքյան մի քանի գրառումների օգնությամբ։

Օգտատերերից մեկը հայտնեց, որ զանգահարել է ոստիկանություն և ԱԱԾ։ «ԱԱԾ-ում խուլ է։ Ոստիկանությունում պատասխանեց մի աղջիկ, լսեց, զանգահարեց ոմն «պարոնի» և ինձ հրավիրեց բաժանմունք։ Հետո ասաց, թե իբր՝ ոստիկանությունը Ֆեյսբուք չի նայում, և առաջարկեց հղումն ուղարկել իրենց։ Ես բացատրեցի, որ սոցցանցում հանրությունը բառացիորեն կատաղության մեջ է, և որ ինքն էլ կարող է ամեն ինչ տեսնել: Հետո զանգահարեց Կենտրոնի ոստիկանությունից ինչ-որ մեկն ու ասաց, որ իրենք ստուգել են. տեսանյութը ամանորյա է: Հարցնում եմ՝ իսկ ի՞նչ է դա փոխում։ Մենք, ասում է, զբաղվում ենք դրանով։

Հ.Գ. -Այսօր առավոտյան փաշինյանական նստավայրի դիմաց ոստիկանական երեք ավտոբուս էր կանգնած, չհաշված մարդատար ավտոմեքենաներով բազմաթիվ ոստիկանները»,- պատմել է աղջիկը։

Արման Աբովյան, քաղաքագետ.

«Արդեն հայտնվեցին հիստերիկ արդարացումներ, թե իբր այս տեսանյութը տարածել են ընդդիմադիր տելեգրամ ալիքները, երգողները իրանցի ադրբեջանցիներ են և առհասարակ սա նոր տեսանյութ չի։

Ի՞նչ կապ ունի՝ որտեղից է հայտնվել տեսանյութը… Փաստն այն է, որ թշնամին մայրաքաղաքի կենտրոնում մեզ ստորացնում է։ Ի՞նչ կապ ունի՝ որտեղից է ծագումով թշնամին, թե բա «իրանցի ադրբեջանցիներ են», տո թեկուզ Զիմբաբվեից լինեինԻ՞նչ կապ ունի՝ թարմ է թե ոչ… Դուք գոնե հասկանո՞ւմ եք՝ որքան հիմար արդարացումներ եք հնչեցնում»։

Գագիկ Համբարյան, քաղաքագետ:

«Ենթադրում եմ, որ այս ամենի կազմակերպիչը Ադրբեջանի հատուկ ծառայություններն են, որոնք, նախ՝ սրանով ցույց տվեցին հայաստանցիներին, որ Հայաստանում որտե՛ղ, ե՛րբ և ի՛նչ ուզենան կանեն, որ հենց իրենք են Նիկոլի օրոք Հայաստանի տերն ու տիրակալը... Երկրորդը՝ այս ամենի կազմակերպիչները հաստատեցին ևս մեկ փաստ, որ Հայաստան ժամանող Իրանի ադրբեջանցի (թուրք) ազգությամբ քաղաքացիներից որոշ մասսան Ադրբեջանի գործակալական ցանցի ներկայացուցիչներ են և Բաքվի հրահանգով պատրաստ են ամեն ինչ անել Հայաստանում...

Այսպիսի սադրանքներ բոլորը կարող են կազմակերպել, բայց ոչ բոլորը կարող են տակից դուրս գալ, քանի որ կազմակերպողն այնքան վստահ պետք է լինի, որ իր «զոհը» նույնաբովանդակ չի պատասխանի իրեն... Ալիևը այսպիսի բաներ կարող էր կազմակերպել նաև նախկինում, բայց շատ լավ գիտեր դրա հետևանքների մասին, իսկ հիմա նա շատ վստահ է, որ Նիկոլի նման ոչնչությունը չի համարձակվի նմանատիպ ինչ-որ բան ոչ միայն կազմակերպել Բաքվում, այլև իր գյուղերից որևէ մեկում...Դե, իսկ Հայաստանի ԱԱԾ-ի գոյություն չունենալու մասին էլ չասեմ»։

ԻՐԱՆԱԳԵՏ ԱՐՏՅՈՄ ՏՈՆՈՅԱՆԸ ՈՐՈՇ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՏՎԵՑ.

« 1. Երևանի հրապարակում լսվող երգը պարսկերեն չէ, ինչպես ոմանք տարածում են։ Այն ադրբեջաներեն է, գրվել է Ադրբեջանում ու ծնունդ է Խորհրդային Ադրբեջանի կիսաաշուղական միջավայրի։

2. Երգողները մեծ հավանականությամբ Իրանի քաղաքացիներ են, որոնք, ըստ տեղային (լոկալ) պատկանելության Իրանի հյուսիսային թյուրքախոս նահանգներից են:

3. Երգողների Իրանի քաղաքացի լինելը, և ոչ թե, ասենք՝ Ադրբեջանի, չի նշանակում, որ տեղի ունեցածը նորմալ է ու չկա դրանում անհանգստանալու որևէ բան։ Կան բազմաթիվ հարցեր Երևանի հրապարակում նման երգի կատարման մոտիվացիաների, հնարավոր պատվիրատուների մասով։

4. Բացառված չէ, որ Երևանի հրապարակում կատարվածը տեղի է ունեցել Թուրքիայի և/կամ Ադրբեջանի պատվերով, որի նպատակներից է եղել ինչպես հանրային խուճապի տարածումը, ՀՀ-ում անանվտանգության զգացողությունը խորացնելը, այնպես էլ Հայաստան-Իրան հարաբերությունները թիրախավորելը»։

Իմ կողմից հավելեմ հետևյալը։ Անվերապահ փաստն այն է, որ այս տեսանյութի հայտնվելը հենց այս պահին ամենևին էլ պատահական չէ։ Տարեսկզբից անցած մեկ ամսվա ընթացքում հայ հասարակության գլխին ամենօրյա ռեժիմով բուռն քննարկումներ ու մեկնաբանություններ հարուցող ամենատարբեր խնդիրների, հարցերի, նորությունների, հայտարարությունների տարափ են տեղում: Լիակատար զգացողություն է, որ մեզ ուզում են մոլորեցնել, ճնշել, վախեցնել, ընդարմացնել, ստիպել այլևս չմտածել և, որ ամենակարևորն է, չդիմադրել այդ խելահեղ տարափին:

Անվիճելի փաստ է նաև այն, որ այս ամենի հետևում դիտավորությունն է, կանխամտածվածությունը և հակահայկական չարագուշակ մտադրությունը, որքան էլ փորձենք չհավատալ դավադրության տեսություններին։

Վերջապես, փաստ է նաև այն, որ Հայաստանի դե ֆակտո իշխանությունները ոչ միայն տեղյակ են տեղի ունեցող ամենի մասին, այլև սեփական ու ամենաակտիվ դերակատարությունն ունեն երկրում «թիվ 6 հիվանդասենյակ» ստեղծելու գործում, գիտակցաբար ու նպատակաուղղված ձգելով հակահայկական «նախագծի» պտուտակները։ Այնպես որ  ԱԱԾ-ին, ոստիկանությանը, ԱԳՆ-ին և այլոց ուղղված բոլոր այս միամիտ կոչերը բացարձակ անիմաստ են. նշյալ և այլ նիկոլական գերատեսչությունները գլուխ կպրծացնեն դատարկ ու ոչինչ չասող բացատրություններով։

Եվ այդքանով տվյալ տեսանյութի հետ կապված պատմությունը կավարտվի՝ մինչև հաջորդ ցնցում:

Հարցը լոկ այն է, թե ինչպիսին կլինի դա, այդ հաջորդ ցնցումը: Քանզի երբ անցած տարի հստակ տեղեկություններ հայտնվեցին, որ ադրբեջանցիները Անդրեասյան խանումի գլխավորած ԿԳՄՍՆ թույլտվությամբ և աջակցությամբ Կոնդում ֆիլմ էին նկարահանում «Իրևանի» մասին և հանգիստ զրուցում տեղի որոշ բնակիչների հետ. իրական, թե կեղծ՝ կարևոր չէ, երևանցիներին դա էլ տեղից չշարժեց։ Ամեն ինչ այդպես էլ մնաց խոսակցությունների և սոցցանցերում ու ԶԼՄ-ներում հրապարակումների մակարդակում։

Եվ ահա հիմա, ինչպես դիպուկ նկատեց ՖԲ-ի օգտատերերից մեկը, «Մեղրին» պայթեց Երևանի կենտրոնում. և ի՞նչ»։

Երեկվա տեսանյութի վերաբերյալ առավել տարողունակ, բայցև սպառիչ մեկնաբանությունը տվել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը. «Ուժեղ պարտիա է խաղարկվում Մնացածը էմոցիա  է»։ Եվ նրա հետ շատ դժվար է չհամաձայնել։