Բաղայի․ Իրանն ակտիվացրել է Երևանի և Բաքվի հետ դիվանագիտական շփումները

Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը, ճեպազրույցի ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:

Նրա խոսքով՝ կովկասյան տարածաշրջանի և նրա բոլոր հարևանների անվտանգությունը շատ կարևոր է Իրանի համար։

«Մենք լավ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ, դիվանագիտական փոխանակում կա, որն ակտիվացել է վերջին օրերին»,-ասել է Բաղային:

Իրանն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել Հարավային Կովկասի անվտանգությունն ու կայունությունն ամրապնդելու համար, այդ թվում՝ երկու երկրների միջև երկխոսության զարգացմանը նպաստելու միջոցով:

Նշենք, որ հունվարի սկզբին Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն այցելել էր Բաքու և Երևան: Իսկ ամսվա երկրորդ կեսին Թեհրանում էր ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Sputnik Արմենիա