Արմեն Ռուստամյան․ Բացառում եմ, որ որևէ բան կարող էր թաքցվել Վազգեն Սարգսյանից
Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ Պետդեպի՝ օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժում հրապարակված փաստաթղթերը վերաբերում են հայ–ադրբեջանական բանակցությունների առաջին փուլին և փաստաթղթերից պարզ չէ թե հայկական կողմն ինչ է պատասխանել ադրբեջանական կողմի առաջարկին։
«Ազատություն» ռադիոկայանը ռեպորտաժ էր պատրաստել ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերի վերաբերյալ, որոնցից պարզ էր դառնում, որ 90-ականների վերջին Հայաստան–Ադրբեջան բանակցությունների օրակարգում եղել է տարածքների փոխանակման տարբերակը։ Դիվանագետների նամակագրությունում նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների հանդիպմանը Մեղրին Լեռնային Ղարաբաղի դիմաց փոխանակելու շուրջ համաձայնության են եկել։ Դրանից հետո, սակայն, Ռոբերտ Քոչարյանը տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է այդ ծրագիրն իրականացնելուց։
Արմեն Ռուստամյանը վստահ է, որ բանակցություններին տեղեկացված է եղել նաև սպարապետ Վազգեն Սարգսյանը։
«Բացառում եմ, որ կարող էր որևէ բան թաքցվել Վազեն Սարգսյանից կամ գաղտնի արվեր»,- ասաց նա։
Ռուստամյանը կարծում է՝ պետք է Փաշինյանն ընդունի նախկին նախագահների առաջարկն ու հրապարակի բանակցային գործընթացի բոլոր փաստաթղթերը։
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես եկել եմ իշխանության ու այնպիսի բաներ եմ բացահայտել, որ ասեմ, կզարմանաք, թե ինչպիսի իշխանություն եք ունեցել։ Իհարկե, փաստաղթեր կան, որոնք արխիվներում են գտնվում և նա իրավունք ունի դրանք հրապարակելու։ Բայց եթե ընդունում է, որ արդեն իսկ հրապարակված փաստաթղթերը ճիշտ են, ուրեմն իր բոլոր ասածներն անհիմն են, որովհետև հրապարակված որևէ փաստաթղթում չկա գրված, որ բանակցել են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին»,–ասաց Արմեն Ռուստամյանը։
News.am