USAID-ը դադարեցրե՞լ է Հայաստանում իրականացվող նախագծերը

Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ մարդասիրական օգնություն տրամադրող ծրագրերը այս պահին դադարեցված չեն։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) հայաստանյան առաքելությունից։

Հիշեցնելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը կարգադրել է դադարեցնել վճարումները՝ NEWS.am–ը հարցում էր ուղարկել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելություն՝ պարզելու՝ արդյոք դադարեցված է հայաստանյան ծրագրերի ֆինանսավորումը։

«Պետքարտուղարը հավանություն է տվել մարդկային կյանքեր փրկելուն ուղղված հիմնական մարդասիրական օգնության տրամադրմանը և բացառություններ է սահմանել որոշակի նպատակով տրամադրվող օգնությունների համար։ Այս պահին արդեն ընթացքի մեջ գտնվող՝ կյանքեր փրկելուն ուղղված մարդասիրական օգնության ծրագրերը պետք է շարունակեն կամ վերսկսեն աշխատանքը»,– ասված է հարցման պատասխանում։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունից նաև նշել են, որ բացառություններ սահմանելու հարցումներ են ստանում։

«Մենք անհապաղ ընթացք ենք տալիս բացառություններ սահմանելու հարցումներին: Մի քանի հրատապ հարցումներ հաստատվել են մի քանի ժամվա ընթացքում»,– ասված է պատասխանում։

2023 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով 72 միլիարդ դոլարի օգնություն է հատկացրել ամբողջ աշխարհում։ Գործակալության ֆինանսավորմամբ Հայաստանում նույնպես մի շարք ծրագրեր են իրականացվել ու իրականացվում՝ բռնի տեղահանված արցախցիներին աջակցելու։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաման է ստորագրել, ըստ որի 90 օրով սառեցվում են USAID-ի միջոցով արտասահմանյան օգնության ծրագրերի մեծ մասի վճարումները, և կասեցվում նոր դրամաշնորհների հատկացումները։