ԲՌՆԱԶԱՎԹՈՒՄ. ԿԴԱՌՆԱ՞ ԱՐԴՅՈՔ ԲԱԲԱՅԱՆԻ «ԳՈՐԾՆ» ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԿԱՏԱԼԻԶԱՏՈՐ

Երևանի Հանրապետության հրապարակում երգանման ինչ-որ բան ճղավող իրանական (?) ադրբեջանցիների, մեղմ ասած, սկանդալային տեսանյութի հրապարակումը ոչ պակաս աղմկահարույց շարունակություն ստացավ։ Հաջորդ օրը ԱԱԾ-ն հանդես եկավ «պարզաբանումներով»՝ հրապարակելով «զբոսաշրջիկների» անունները, իսկ հաշված ժամեր անց ձերբակալվեց արցախցի գիտնական, Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի պրոռեկտոր Ղարիբ Բաբայանը, որն առաջինն էր հրապարակել տեսանյութը: Նրան մեղադրանք ներկայացվեց «ՀՀ իշխանության և ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, խտրականություն և թշնամանք հրահրելու» մեջ, ինչի կապակցությամբ ՔԿ-ն կալանավորման միջնորդություն ներկայացրեց։

ԱՅՆ, ԻՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՐԴԵՆ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ՈՒՇ ԵՐԵԿՈՅԱՆ, ՀԱՅՏՆԻ Է։ Փորձագետների բազմաթիվ մեկնաբանությունները կարծես թե արել են բոլոր շեշտադրումները՝ արձանագրելով հերթական ակնհայտ, բայց անհավանական փաստը. Հայաստանում հետապնդվում են ոչ թե երկրի մայրաքաղաքում հայ ժողովրդին հրապարակավ վիրավորող անձինք, այլ նա, ով հրապարակել է խայտառակ տեսանյութը։ Սա, անշուշտ, ՀՀ դե ֆակտո իշխանությունների գահավիժումն է հերթական հատակից էլ վար, ինչը հաստատեց վաղուց հայտնի ճշմարտությունը. Հայաստանը բռնազավթված է թուրքական շահերն արդեն անթաքույց սպասարկող թշնամիների կողմից։

Փորձենք արձանագրել ևս մի քանի կարևոր տեսանկյուններ՝ ի լրումն փորձագետների կողմից արդեն ասվածի:

1.Ինչո՞ւ հենց Ղարիբ Բաբայանը և ինչո՞ւ հենց այդ տեսանյութի հրապարակման հետ կապված: Ամեն օր ու ամեն ժամ հարյուրավոր քաղաքացիներ ամենավիրավորական մակդիրների ու անեծքների տարափ են տեղում փաշինյանական ոհմակի գլխին, մեղադրելով ազգային շահերին դավաճանելու, Արցախը հանձնելու և Բաքվի ու Անկարայի հետ միաբան հակահայկական քաղաքականություն վարելու մեջ։ Եթե ԱԱԾ-ն ու ՔԿ-ն սկսեին քրեական գործեր հարուցել դրա համար, ապա հետապնդումը վայրկենապես զանգվածային բնույթ կստանար և կվերաբերեր երկրի բնակչության գերակշիռ մասին։

Իսկ տվյալ դեպքում համընկան միանգամից մի քանի գործոններ. գրառման հեղինակը արցախցի է, և նրա վրդովմունքն ուղղված է միանգամից կրկնակի նշանակետի՝ նիկոլ-թուրքական տանդեմին։ Բացի այդ, հասկանալի պատճառներով չափազանց մեծ աղմուկ հարուցեց տեսանյութը հայ հասարակության մեջ։ Այստեղից էլ՝ իշխանությունների արձագանքը, որոնք վաղուց դեն են նետել դիմակները և իրենց յուրաքանչյուր գործողությամբ ու հայտարարությամբ որևէ կասկած չեն թողնում, որ Հայաստանը բռնազավթված է թշնամիների կողմից։

Եվ այստեղից էլ՝ կարմիր գծի հերթական կոպիտ ու անթաքույց հատումը. տեսանյութի հրապարակումն ու դրա հարուցած արձագանքն իշխանական ոհմակի համար հիանալի առիթ դարձան բացեիբաց հայտարարելու, որ այսուհետ Հայաստանում ազերթուրքերին և միմիայն նրանց է թույլատրված անպատիժ նվաստացնել ու վիրավորել հայ ժողովրդին, հատկապես արցախցիներին։ Դրա համոզիչ ապացույցը պատահական (?) զուգադիպությամբ հայտնվեց հենց նույն օրը. հաղորդագրությունն այն մասին, որ ոմն ռուս տիկտոկեր, որը Երևանի սրճարաններից մեկում անպարկեշտ հայհոյանք է հնչեցրել հայերի հասցեին, ձերբակալվել է 2 ամսով։ Իսկ Երևանում «Գարաբախի» մասին երգի ցուցադրական կատարումը թուրքերի կողմից Հայաստանի իշխանությունները վիրավորանք և պատժելի արարք չեն համարում։

2. ՀՀ իրավապահ մարմինները պատժիչ կառույցների են վերածվել այն հայերի համար, ովքեր չեն ցանկանում համակերպվել Արցախի կորստի և Հայաստանի բռնազավթման հետ ու չեն վախենում խստորեն քննադատել իշխանություններին նախևառաջ դրա համար: Եթե ԱԱԾ-ն այդքան մտահոգված է «ատելության, խտրականության և թշնամանքի հրահրումով», ապա ինչո՞ւ ուշադրություն չի դարձնում, ասենք, նախկին պոռնոդերասան, իսկ այժմ «Ռոմաշկա» մականունով «բլոգերի» սոցցանցային գրառումներին, որոնցից յուրաքանչյուրը բառացիորեն ատելություն է ժայթքում և թշնամանք հրահրում արցախցիների նկատմամբ։ Մի՞թե հենց այդ պատճառով չէ, որ նա դարձել է Փաշինյանի կնոջ սիրելին ու «պատվավոր» տեղի արժանացել Էրատոյի սեղանի շուրջ՝ նրա նույնքան «կիրթ» մյուս հյուրերի շրջանում։

Փոխարենը Հայաստանի նույն այդ Ազգային անվտանգության ծառայությունը, որը վաղուց վերածվել է վտանգման ծառայության, ձերբակալում է ազգին ու պետությանը սպառնացող աղաղակող վտանգի մասին ահազանգողին, իսկ ՔԿ-ն նրա դեմ գործ է հարուցում ու պահանջում կալանավորել մի գրառման համար, որում ոչ մի իրավաբան օրենքի որևէ խախտում չտեսավ։

Այդպիսով մեզ հասկացնում են, որ արցախցիների և հայերի նկատմամբ ատելություն հրահրելն ու վիրավորելը ոչ միայն թույլատրելի է, այլև խրախուսելի, և միայն ՀՀ իշխանությունների և թուրքերի նկատմամբ՝ պատժելի։

3. Արցախը Հայաստանում արգելված է, և ոչ միայն հայերեն անվան իմաստով։ ԱԱԾ-ի և ՔԿ-ի գործողությունները տալիս են բոլոր հիմքերը՝ փաստելու, որ այսուհետ հայկական Արցախի լոկ հիշատակումն անգամ քրեորեն հետապնդելի արարք է, և որ ազերթուրքերը կարող են ազատ ու հանգիստ ոչ միայն այցելել Հայաստան, այլև երգել «ադրբեջանական Գարաբախի» մասին: Ավելորդ է ասել, որ հող է նախապատրաստվում մեր երկիրը հարևան պետգոյացության քոչվորներով բնակեցնելու համար, որոնց, ի տարբերություն հայերի, հատուկ իրավունքներ և հատուկ պաշտպանություն են տրամադրելու:

4. Իշխանական ոհմակը փորձում էր ստուգել հանրության արձագանքը նույնիսկ Նիկոլի համար այդչափ աննախադեպ գործողություններին։ Զանգվածային բուռն արձագանքը ստիպեց դատարանին մերժել կալանավորման միջնորդությունը։ Այդուհանդերձ հասան իրենց ուզածին. Ղարիբ Բաբայանն անուղղակիորեն մեղավոր է ճանաչված, քանզի նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել, թեկուզև ավելի մեղմ։ Ոչ մի կասկած չկա, որ Արցախի մասին խոսելու և նիկոլ-թուրքական տանդեմին «վիրավորելու» համար բերաններ փակելը եռանդագին շարունակվելու է։

Ողջ այս պատմությունն, իհարկե, ունի ավելի լայն ենթատեքստ և, անշուշտ, մեծ ազդեցություն կունենա իրադարձությունների հետագա զարգացման վրա: Այստեղից՝ հարցը, որ տալիս են շատերը. կարո՞ղ է արդյոք Ղարիբ Բաբայանի «գործը» կատալիզատոր դառնալ ազգային շարժման համար, որն ի վերջո գրողի ծոցը կուղարկի պետական հանցագործների ողջ այս հանցախմբին և կազատի երկիրը բռնազավթումից:

Փետրվարի 2-ին հայերը ցույց տվեցին, որ իրենք դեռ կան, դեռևս դիմադրում են, դեռ չեն համակերպվել Արցախի կորստի հետ և կտրականապես համաձայն չեն իրենց Հայրենիքի թուրքացմանը: Սա, անշուշտ, հուսադրում է, ինչպեսև այն փաստը, որ այդ ընթացքում ծնվում է ազգային նոր էլիտա, որն ի զորու է ստանձնել Հայաստանը փրկելու գործառույթը: Թեկուզ դանդաղ, թեկուզ տարբեր հանգամանքներով պայմանավորված, բայց գալիս է լայն գիտակցումն այն ճանապարհի կործանարարության մասին, որով շարժվում է ռեժիմը, և ձևավորվում է թափ առնող դիմադրության ազգային ճակատ։

Պարզ է, որ թուրքերն ու Հայաստանում նրանց դրածոները ձգտում են ապահովել 2026 թվականի ընտրություններում իրենց հաղթանակը դիմակայության ներուժի լիակատար ճնշմամբ և ամեն հայկականի առավելագույն ոչնչացմամբ։ Նույնքան պարզ է, որ հայ հասարակության ակտիվ հատվածի նկատմամբ բացահայտ բռնաճնշումների ձեռնարկումն անխուսափելիորեն դառնում է երկսայր սուր՝ հրահրելով հետադարձ գործընթացների արագացումն ու բումերանգի հնարավորությունը, կցանկանայինք հավատալ՝ անխուսափելիությունը։

Հայ ժողովրդի դեմ ՔՊ-Բաքու-Անկարա եռյակի պայքարը սրընթաց ձեռք է բերում վճռորոշ գոտեմարտի բացահայտ բնույթ։