ՊԱՐՍԱՎԵԼ ՈՒ ԽԵՂԱԹՅՈՒՐԵԼ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Փորձելով հարթել Ցեղասպանության վերաբերյալ Շվեյցարիայում վարչապետի հնչեցրած հայտարարությունների գործած տպավորությունը, այսօր Փաշինյանն ու նրան սպասարկող թիմը ամեն քայլափոխի վստահեցնում են, թե իրենց մտքով անգամ չի անցնում կասկածի տակ առնել Ցեղասպանության փաստը։ Իբր՝ Շվեյցարիայում վարչապետը նկատի է ունեցել լոկ այն, որ 30-ական թվականներին ԽՍՀՄ-ում Ցեղասպանության թեման չէր բարձրացվում, քանի որ դա ձեռնտու չէր, իսկ 1950-ականներին սկսեց շրջանառվել, քանի որ շահավետ դարձավ Խորհրդային իշխանության համար

Նախ՝ «ցեղասպանություն» բուն տերմինը հայտնվել է 1944-ին։ Բայց դա չէ գլխավորը։ «Ցեղասպանության օրակարգը», ինչպես ձևակերպում է Նիկոլը, եղել է Մեծ եղեռնից ի վեր և հետզհետե նորանոր սահմաններ նվաճել։ Ի թիվս ամենի՝ նաև այդ փաստի ճանաչման համար մղվող պայքարի շնորհիվ ի հայտ եկավ «ցեղասպանություն» եզրույթը, ինչպես ժամանակին բացատրել է այդ տերմինի հեղինակ Ռաֆայել Լեմկինը։

Այնպես չէ, թե աշխարհի բոլոր երկրներն ի սկզբանե ընդունել են «Ցեղասպանության օրակարգը», և հետո միայն՝ ԽՍՀՄ-ը։ Ահավասիկ Նիկոլի առաջ սողացող պատգամավորներից մեկն ասում է, թե «չեկիստները» 30-ականներին արգելում էին խոսել Ցեղասպանության մասին, և թույլ տվեցին միայն 50-ականներից հետո։ Հետաքրքիր է, նույն այդ «չեկիստնե՞րն» էին խոչընդոտում, որ ԱՄՆճանաչեր Ցեղասպանությունը շատ ավելի վաղ, այլ ոչ թե արդեն Բայդենի վարչակազմի օրոք։ Ոչ, իհարկե:

Պարզապես Ցեղասպանության և և դրա համար պատասխանատվության «օրակարգը», որը սկսեց առաջ մղվել «Նեմեսիս» գործողության մեկնարկից ի վեր, աստիճանաբար ձեռք էր բերում գնալով ավելի շատ կողմնակիցներ։ Հետզհետե աճում էր դրա արդարացիությունն ըմբռնող մարդկանց, կազմակերպությունների և պետությունների թիվը: Հասկանալի է, որ շատերը ձգտում էին օգտագործել այդ թեման հօգուտ իրենց. քաղաքականության մեջ դա նորմալ է։ Բայց առաջին հերթին վկայում է այն մասին, որ Ցեղասպանության ճանաչման համար պայքարողների ջանքերով, սերունդների ջանքերով այդ օրակարգը գործոն դարձավ համաշխարհային քաղաքականության մեջ։

Իսկ այն, ինչ այսօր անում են Նիկոլն ու ընկերակիցները, սեփական պատմության վրա թքելու հերթական փորձն է։ Թքելու, որպեսզի մարդկանց ներշնչեն Թուրքիայի և Ադրբեջանի շահերին հարմարվողականության այն քաղաքականության անխուսափելիությունը, որ ներկայումս իրականացնում են իրենք։ Իբր՝ ազգային բոլոր ձեռքբերումները, որ եղել են իրենցից առաջ, այս կամ այն «չեկիստների» խարդավանքների արդյունքն են, ոչ ավելին

Ողորմելի մարդիկ, որոնք այսօր ջանում են վերաշարադրել պատմությունն իրենց նմանությամբ. դարձնել այն ողորմելի ու անարժեք: Նսեմացնել ազգային բոլոր ձգտումները, հանգեցնելով Նիկոլի սիրելի՝ «Որտեղ հաց, այնտեղ կաց» ասացվածքին

Չենք խոսում արդեն այն մասին, թե այդ ինչո՞ւ հանկարծ Նիկոլի խելքին փչեց Շվեյցարիայում բարձրացնել այն թեման, թե ինչու է ԽՍՀՄ-ում Ցեղասպանության օրակարգը սկսել բացել իր ճանապարհը միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ Ինչո՞ւ Շվեյցարիայում: Չէ՞ որ եթե, ինչպես մեկնաբանում է Նիկոլի հայտնի հետևորդ Վահագն Ալեքսանյանը, Նիկոլի հայտարարությունների ողջ ասելիքն այն էր, թե «չեկիստները» 30-ականներին խոչընդոտել են այդ օրակարգին, ապա ինչո՞ւ խոսել այդ մասին Շվեյցարիայում։ Ալեքսանյանին ուղարկեք Մոսկվա, թող նա այնտեղ շարադրի Նիկոլի տեսության իր մեկնությունը, թե ինչպես են «չեկիստները» խոչընդոտել «Ցեղասպանության օրակարգին», իսկ հետո սկսել լոբբինգավորել դա... Հը, պլոճիկը կհերիքի՞։

Նիկոլի ու թիմի հերթական մտավոր արտաթորանքը գրոշ անգամ չարժի։ Խոսքը միայն մեկ բանի մասին է. բոլոր ձեռքբերումները, որ եղել են նախքան իրենց իշխանության գալը, պարսավել ու խեղաթյուրել։ Ամեն առումով պակասավոր սեփական քաղաքականությունն արդարացնելու համար։ Իշխանությունը պահելու համար: Բազմաթիվ ձախողումների պատասխանատվությունից խուսափելու համար։ Ամեն ինչ միայն ու միայն դրա համար է։ Եվ վերջ:

Ինչպես ասում է ինքը՝ Նիկոլը, նախկինում իրեն պակասում էին գիտելիքները, խելքը, քաջությունը... Հիմա էլ են պակասում, հատկապես վերջինը։ Որպեսզի պարզապես հրաժարական տա: Առանց դեսուդեն ընկնելու: